Նիկիտա Սիմոնյանի լուսավոր հիշատակը հավերժ կմնա․ Վլադիմիր Պուտին
24 Նոյեմբերի 2025, 20:55
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել ԽՍՀՄ հավաքականի կազմում ֆուտբոլի օլիմպիական չեմպիոն Նիկիտա Սիմոնյանի մահվան կապակցությամբ՝ անվանելով նրան «ֆուտբոլի իսկական լեգենդ, միլիոնավոր երկրպագուների կուռք»։ Սիմոնյանը մահացել է նոյեմբերի 23-ին 99 տարեկան հասակում։
Կրեմլի կայքում հրապարակված հեռագրում պետության ղեկավարը դիմել է մարզիկի հարազատներին ու մերձավորներին. «Ընդունեք խորին ցավակցություններ, կարեկցանքի և աջակցության խոսքեր Նիկիտա Պողոսի Սիմոնյանի մահվան կապակցությամբ»։
Պուտինն ընդգծել է, որ կյանքից հեռացել է «վառ, արտասովոր, իր ընտրած գործին անսահման նվիրված մարդ, հայրենական և համաշխարհային ֆուտբոլի իսկական լեգենդ»։ Նրա խոսքով՝ Սիմոնյանի վարպետությունը, ոգու ուժը և թիմին հավատարմությունը գնահատում էին «Սպարտակ»-ի և ազգային հավաքականի նրա ընկերները, հարգում էին մրցակիցները և անկեղծորեն սիրում էին միլիոնավոր երկրպագուներ։
«Նիկիտա Պողոսի Սիմոնյանի լուսավոր հիշատակը հավերժ կմնա նրա հարազատների ու մերձավորների, ընկերների և աշակերտների, Ռուսաստանում «թիվ մեկ խաղի» բոլոր երկրպագուների սրտերում»,- նշել է ՌԴ նախագահը։