Արևմուտքը մի օր գալու է Հայաստանի արտաքին պարտքի հետևից. Կարեն Քոչարյան
25 Նոյեմբերի 2025, 20:10

Արևմուտքը մի օր անկախ աուդիտորական ստուգումներով գալու է Հայաստանի արտաքին պարտքի հետևից։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
«Աշխարհը և աշխարհաքաղաքական կենտրոններն ունեն հետաքրքիր բնավորություն, իրենք օգնում են, փող են տալիս, զենք են տալիս, բայց դրա հետևից անպայման գնում են։ Եվ այսօր արդեն ուկրաինական բարձրագույն իսթեբլիշմենթը վախեցած է ամենաշատը հենց դրանից, քանի որ պետք է ստուգեն, թե ուր են գնացել օգնության տեսքով գումարները։ Հիմա Արևմուտքը պահանջում է անկախ աուդիտորական ստուգում։ Սա ասում եմ նրա համար, որ եթե հաշվի առնենք՝ Հայաստանի պետական պարտքը վերջին 7 տարում ավելացել է մոտ 8-9 միլիարդ դոլարով, որի մի մասը ներքին պարտքն է, մյուս մասը՝ արտաքին, այդ արտաքին պարտքի հետևից մի օր անկախ աուդիտորական ստուգումներով գալու են»,- ասել է քաղտեխնոլոգը։
Հարցին, թե պարտքի դիմաց ինչ է պահանջելու Արևմուտքը, Քոչարյանը նշել է, որ Ուկրաինայում դրա գինը իշխանափոխությունն է լինելու, բայց Հայաստանի դեպքում դեռ պարզ չէ․ «Բայց պարզ է, որ աշխարհի ամենամեծ գլխացավանքն այսօր Ուկրաինան է։ Եվ միայն Ուկրաինայի հարցը լուծելուց հետո նոր սկսելու են ավելի մանր-մունր խնդիրներ լուծել»։