Մեր աչքի առաջ ձևավորվում է նոր քաղաքակրթական սկիզբ՝ թյուրքական աշխարհը. Խաչիկ Գալստյան

26 Նոյեմբերի 2025, 14:45

Քաղաքականություն

Մեր աչքի առաջ ձևավորվում է նոր քաղաքակրթական սկիզբ՝ թյուրքական աշխարհը: Այս մասին «Եվրասիա-Հայաստան» փորձագիտական հարթակում «Նոր աշխարհակարգը և Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրությունը» թեմայով քննարկման ժամանակ ասել է քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խաչիկ Գալստյանը։

«Ամենայն հավանականությամբ, մեր աչքի առաջ հիմա ձևավորվում է բազմաբևեռ աշխարհակարգ, որը ենթադրում է մի շարք հարցերի պատասխաններ՝ որո՞նք են ձգողության հիմնական կենտրոնները, ի՞նչ բևեռներ կձևավորվեն։ Նախ, դա ռուսական աշխարհն է, ռուս-ուկրաինական դիմակայությունը։ Ռուսաստանը դիմանում է մրցակցությանը՝ նոր աշխարհակարգում տեղ զբաղեցնելու իրավունքի համար։ Մեր աչքի առաջ ձևավորվում է մեկ այլ նոր քաղաքակրթական սկիզբ, և դա մեզ շատ է անհանգստացնում։ Դա թյուրքական աշխարհն է։ Եվ թյուրքական ինտեգրումը, ինքնությունը մեր ազգային անվտանգության ամենամեծ սպառնալիքներից մեկն է։ Ինչ վերաբերում է հայկական գործոնին, ապա այն միշտ կարևոր է եղել տարածաշրջանում՝ որպես Արևմուտքի և Արևելքի միջև անցումային կամ բուֆերային գոտի»,- նշել է նա:

Գալստյանի խոսքով՝ վերջին տարիներին համաշխարհային աշխարհակարգի փոփոխության պայմաններում Հայաստանը վերածվել է եվրասիական տարածքի թեժ կետերից մեկի։

Նա միաժամանակ նշել է, որ Հայաստանը ներկայումս գտնվում է դիվերսիֆիկացիայի փուլում։