Թումոն արժանացել է WISE Prize for Education մրցանակին AI նախագծի համար
26 Նոյեմբերի 2025, 17:50
Նոյեմբերի 25-ին Կատարի Դոհա քաղաքում անցկացվող WISE12 գագաթնաժողովի ընթացքում Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն արժանացել է WISE Prize for Education-ի առաջին մրցանակին իր AI կրթական նախագծի համար։ Մրցանակը շնորհվել է Թումոյի գեներատիվ AI կրթական ոլորտի ու AI colearner ինքնուսուցման հարթակի համար, որոնք հնարավորություն են տալիս աշխարհի տարբեր երկներում գործող Թումո կենտրոնների պատանիներին անվճար ձեռք բերել խորացված AI հմտություններ։
WISE Prize for Education-ի մեկ միլիոն դոլար մրցանակը, որը տրվում է կրթության ոլորտի համաշխարհային առաջատարներին, իրականացնում է World Innovation Summit for Education-ը։ 2024-2025 տարվա համար WISE-ը ստացել է 427 հայտ ամբողջ աշխարհից։ Միջազգային փորձագետներից կազմված ժյուրին եզրափակիչ փուլի համար առանձնացրել է վեց նախագիծ, որոնց լուծումները հասցեագրում են հրատապ կրթական մարտահրավերներ՝ ներառյալ արհեստական բանականության կիրառությունը դասավանդման և ուսումնառության մեջ։
WISE մրցանակի նախկին դափնեկիրների շարքում են Ուենդի Քոպը՝ Teach For America-ի և Teach For All-ի գործադիր տնօրենը, և Սաֆինա Հուսեյնը` Educate Girls հասարակական կազմակերպության հիմնադիրը, որը նախաձեռնում է աղջիկների կրթական համայնքներ Հնդկաստանի գյուղական տարածքներում։
Թումոյի AI կրթական ծրագիրը կառուցված է նորարարական հարթակի շուրջ, որտեղ AI ագենտները հանդես են գալիս ոչ թե որպես դասատու, այլ որպես դասընկեր՝ սովորելով ուսանողի հետ կողք-կողքի։ Ուսանողները սովորում են ուսուցանելով, երբ ուսանողը յուրացնում է գաղափարը, AI colearner-ը միտումնաբար սխալվում է և օգնություն խնդրում։ Դասընկերոջն օգնելն ամրապնդում է ուսանողի նոր ձեռք բերած գիտելիքը։ Ուսանողները սովորում են հետևելով. երբ նրանք չգիտեն՝ ինչպես սկսել, AI-ն առաջինն է կատարում առաջադրանքը, իսկ ուսանողը կրկնում է ու առաջ շարժվում։ AI colearner-ն անմիջապես հարմարվում է ուսանողի կրթական ռիթմին և համատեքստին՝ տրամադրելով դիտարկումներ իրական ժամանակում որպես դասընկեր։
Այս հարթակի վրա հենվելով՝ Թումոն զարգացրել է գեներատիվ AI նոր կրթական ոլորտը, որը կենտրոնանում է բազմամոդալ գեներատիվ AI տեխնոլոգիաների ստեղծարար կիրառության վրա։ Այս ոլորտում պատանիները կարող են փորձարկումներ անել գեներատիվ AI-ով ոչ թե որպես պասիվ սպառողներ, այլ ակտիվ կիրառողներ։ Նրանք զարգացնում են ստեղծարարությունը և ձևավորում իրենց գաղափարները։ Գեներատիվ AI-ը համալրում է Թումոյի՝ տեխնոլոգիաների և դիզայնի կրթական ոլորտները, իսկ AI բաղադրիչներն աստիճանաբար ինտեգրվում են բոլոր ոլորտներում՝ անիմացիա, խաղերի ստեղծում, ծրագրավորում, գրաֆիկական դիզայն, ստեղծագրություն և այլն։
