Բաքուն կցանկանար տեսնել ԵՄ-ին որպես «Զանգեզուրի միջանցքի» մաս․ Հաջիև

01 Դեկտեմբերի 2025, 13:10

Քաղաքականություն

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Բրյուսելում Ադրբեջանի դեսպանատանը կայացած ճեպազրույցի ժամանակ ներկայացրել է Բաքվի դիրքորոշումը՝ Եվրամիության հետ հարաբերությունների, էներգետիկայի և տարածաշրջանային անվտանգության հարցերում ավելի սերտ համագործակցության վերաբերյալ։

Նա Ադրբեջանի ներկայիս օրակարգը բնութագրել է որպես Հարավային Կովկասում անցումային շրջան՝ «պատերազմում հաղթանակից դեպի խաղաղության հաղթանակ»։

Հաջիևն անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին», որն, ըստ նրա, «փոխակերպիչ ազդեցություն կունենա եվրասիական տրանսպորտային լանդշաֆտի վրա», և Ադրբեջանը «կարևոր դեր կունենա այդ գործընթացում»։

Նա նաև հայտնել է, որ «միջանցքի» ադրբեջանական հատվածում աշխատանքները նախատեսվում է ավարտել 2026 թվականին։ Ըստ նրա՝ Բաքուն «կցանկանար նաև Եվրոպական միությանը տեսնել այդ նոր տրանսպորտային ճարտարապետության մաս, այդ թվում՝ ԵՄ «Գլոբալ դարպասներ» նախաձեռնության շրջանակում»։

«Ադրբեջանի համար պատերազմն ավարտվել է։ Մենք պետք է ամրապնդենք խաղաղությունը և այն երկարաժամկետ դարձնենք»,- հավելել է նա: