Մենք կցանկանայինք, որ հակամարտությունը կարգավորվեր. Օլեգ Ցարյովը՝ ԱՄՆ պատվիրակության՝ Մոսկվա կատարած այցի մասին
01 Դեկտեմբերի 2025, 21:45
Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախկին պատգամավոր Օլեգ Ցարյովը Alpha News-ին տված հարցազրույցում խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հանդիպումից սպասելիքների մասին:
«Մենք կցանկանայինք, որ հակամարտությունը կարգավորվեր։ Բայց մենք չգիտենք, թե ինչպես են ավարտվել բանակցություններն ուկրաինական կողմի հետ, և այդքան էլ չէինք ցանկանա, որ Ռուսաստանը նահանջեր իր պահանջներից։ Որքանով ես եմ հասկանում, հիմա խոսքն այն մասին է, որ Մոսկվան գնա ինչ-որ փոխզիջման։ Բայց, մեծ հաշվով, մենք գնալու տեղ չունենք։ Ընդհակառակը, Թրամփի ծրագրի այն 28 կետերին պետք է ավելացնել նաև հարցեր ռուսաց լեզվի, ուղղափառ եկեղեցու պաշտպանության մասին։ Ընդ որում, յուրաքանչյուր կետի համար հարկ կլինի առանձին արձանագրություններ մշակել։ Օրինակ, նեոնացիզմի դեմ պայքարի կետում անհրաժեշտ է ներառել ռուսաց լեզվի և եկեղեցու պաշտպանությունը. դա առանձին պայմանավորվածության առարկա է։
Ես այդպես եմ հասկանում, որ Ուիթքոֆը եկել է ուկրաինական պատվիրակության հետ հանդիպումից հետո, և միանգամայն հնարավոր է, որ նրանք չեն ընդունել Թրամփի ծրագրի բոլոր կետերը։ Ուստի հիմա Ուիթքոֆը Վլադիմիր Պուտինից կհարցնի, թե արդյոք Ռուսաստանը պատրա՞ստ է նահանջել իր որոշ պահանջներից։ Եթե պատրաստ է, ապա կսկսվի անցումն ուկրաինական կողմի հետ համաձայնագրերի կոնկրետացմանը։ Քանի դեռ դրանք չափազանց շրջանակային են, դրանք պետք է մանրամասն կարգավորվեն։ Եթե պատրաստ չէ, ուկրաինական պատվիրակությանը կշարունակեն ճնշել»,- ասել է Ցարյովը։
«Ի դեպ, ճնշման լավ մեթոդ է՝ նա, ով առարկել է, արդեն հեռացվել է աշխատանքից, հնարավոր է՝ նրան մեղադրանք կառաջադրվի։ Ես նկատի ունեմ Երմակին։ Եթե Ումերովն իրեն նույն կերպ պահի, ապա, որպես ԱՄՆ քաղաքացի, նա կարող է «նստել» մոտ 300 տարի՝ շնորհիվ ամերիկյան «օգնության»։ Ի վերջո, կմնա նա, ով պատրաստ կլինի ընդունել ռուսական պայմանները»,- եզրափակել է Ցարյովը։