Մեր պայքարը ոչ թե պետության, այլ կառավարության դեմ է․ Սարգիս Զելվեյանը՝ Մայր Աթոռում պառակտումների մասին
02 Դեկտեմբերի 2025, 22:30
Եթե պառակտումներն ու դավաճանությունները լինեին քաղաքական կուսակցությունների կամ տարբեր կառույցների մեջ, որոշ չափով հասկանալի կլինեին, բայց երբ ունենք պառակտում Մայր Աթոռում, դժբախտաբար, շատ վատ իրավիճակում ենք հայտնվելու։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Տաճարական Ասպետների միաբանության ԱՄՆ գերագույն խորհրդի անդամ Սարգիս Զելվեյանը։
Ըստ նրա՝ այս ամենի հետևում շատ մեծ աշխարհաքաղաքական դերակատարներ ու ուժեր կան։
«Ինչպես նախորդ դարերում, այնպես էլ այսօր հային միաբանողը եկեղեցին է։ Հայ իրականության մեջ եթե կա մեկ կառույց, որի ձայնը լսելի, ընդունելի է ամբողջ հայության համար, լինի դա Հայաստանում, Սփյուռքում թե Արցախում, դա մեր եկեղեցին է։ Այն առաջին անգամը չէ, որ թիրախում է, բայց ի լուր պառակտիչների՝ մեր եկեղեցին աստվածակերտ եկեղեցի է, և Աստծո կողմից հիմնադրվածը չի կարող ոչ մեկը քանդել»,- նշել է նա։
Զելվեյանն իր խոսքում ընդգծել է՝ յուրաքանչյուր իրեն հարգող հայ պարտավոր է ամեն ձևով կանխել մեր հավատքի, մեր սրբության սրբոցի դեմ արշավը։
«Մեր պայքարը պետության դեմ չէ, այլ կառավարության, որը, դժբախտաբար, ոչ մի կապ չունի հայկական պետականության հետ։ Ես այս պայքարի առաջամարտիկներից եմ, և պայքարելու եմ ոչ պետականամետ, ոչ հայամետ, օտարածին կառավարության դեմ։ Բոլոր չարիքների մայրը տգիտությունն է։ Եվ մինչև չկրթվենք, չհասկանանք մեր իրական դերը աշխարհում, թե ով ենք մենք իբրև հայեր և ինչ ենք մեզանից ներկայացնում, ինչ ենք տվել աշխարհին և ինչ պարտք ունի մեզ տալու աշխարհը, մենք երբեք չենք կարողանալու առաջ գնալ»,- եզրափակել է գերագույն խորհրդի անդամը։