Աշնանային Հայաստան. եղանակ, որին հնարավոր չէ չսիրահարվել. ճամփորդական ամսագիր

05 Դեկտեմբերի 2025, 10:30

Մշակույթ

«Travel+Leisure Central Asia» ամսագիրը Հայաստանը ներկայացրել է որպես յուրահատուկ աշնանային ուղղություն։ Հոդվածում ներկայացված են Հայաստանի բնապատկերները, հարուստ մշակույթը, ջերմ հյուրընկալությունն ու աշնանային եղանակի անմոռանալի հմայքը։

Հոդվածում նշվում է, որ «աշնանը Հայաստանը, կարծես, շնչում է մեղմ լույսով։ Օդը դառնում է թափանցիկ, լեռները՝ ոսկեգույն, իսկ քաղաքներն ու գյուղերը կենդանանում են յուրահատուկ ռիթմով»։

«Գույների անվերջ խաղը պատում է ողջ երկիրը։ Զբոսաշրջիկների հոսքը նվազում է, ճանապարհները դառնում են ավելի հանգիստ, իսկ տպավորություններն՝ ավելի շատ»,- ասվում է հոդվածում։

Հեղինակները խորհուրդ են տալիս մեկնել Դիլիջանի ազգային պարկ։ «Այնտեղ անտառները ոսկով են պատվում, իսկ արահետները տանում են դեպի Պարզ և Գոշ լճերը, որոնք հայելու պես արտացոլում են երկինքը։ Իսկ Ջերմուկը, որը հայտնի է իր հանքային աղբյուրներով և ջրվեժներով, դառնում է ուժի վայր. այստեղ ուզում ես պարզապես լսել լեռնային առվակներին և զգալ աշնան շունչը։ Հենց աշնանն է երկիրն իսկապես բացահայտում իրեն՝ խաղաղ, հյուրընկալ, լի առատ բերքի համերով և բույրերով։

Իսկ Երևանում տիրում է յուրահատուկ հարմարավետ տրամադրություն. փոքրիկ գինու բարերն ու սրճարանները հրավիրում են ձեզ փորձելու ավանդական ուտեստներ՝ մի բաժակ հայկական գինու ուղեկցությամբ։ Բայց իրական կախարդանքը սկսվում է մայրաքաղաքից դուրս՝ գինեգործարաններում։ Այստեղ երեկոներն անցնում են կենդանի երաժշտության ներքո, պանրի ափսեով և և մեկ գավաթ գինու շուրջ, մինչ արևը դանդաղ մայր է մտնում խաղողի այգիների վրա»,- նշում են հոդվածի հեղինակները։