Հայաստանը ԵՄ-ին ուզում է օգտագործել Թուրքիայի հետ սահմանը բացելու համար․ Սերգեյ Մելքոնյան

04 Դեկտեմբերի 2025, 13:00

Կարծիք | Քաղաքականություն

Եթե ՀՀ-ն շահագրգռված է և ցանկանում է ԵՄ-ին օգտագործել որպես միջոց Թուրքիայի հետ սահմանը բացելու, ուրեմն պետք է ինչ-որ այլ քայլեր անի։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Սերգեյ Մելքոնյանը։

«Կարծում եմ՝ երբ խոսքը գնում է ԵՄ-Հայաստան-Թուրքիա եռանկյան մասին, Հայաստանի այսօրվա առաջնահերթությունը հետևյալն է՝ հնարավորինս արդյունավետ օգտագործել այդ գործընկերներին, որպեսզի Թուրքիան կարողանա բացել սահմանը Հայաստանի հետ։ Սա հիմնական նպատակն է։ Բայց ամեն ինչ ունի իր գինը։ Եթե Հայաստանը շահագրգռված է և ցանկանում է ԵՄ-ին օգտագործել որպես միջոց Թուրքիայի հետ սահմանը բացելու, ուրեմն պետք է ինչ-որ այլ քայլեր անի։ Ակնկալվում է, որ Հայաստանը պետք է ավելի խիստ հետևի ՌԴ-ի դեմ սանկցիաներին։ Երկրորդ՝ ավելի սերտ հարաբերություններ ձևավորել Թուրքիայի հետ, որպեսզի նվազեցնի կախվածությունը Ռուսաստանի հետ»,- նշել է նա։

Քաղաքագետի խոսքով՝ Հայաստան-Թուրքիա սահմանը կարող է բացվել 3-րդ երկրի քաղաքացիների համար առանց խաղաղության պահմանագրի ստորագրման։

«Թուրքիան բացառում է լիովին բացել սահմանը ՀՀ-ի հետ, քանի դեռ կանաչ լույս չի վառվել Ադրբեջանի հետ հարաբերություններում և չի ստորագրվել խաղաղության պայմանագիրը։ Սակայն այն կարող է ստորագրվել լավագույն դեպքում 2027 թ-ին, հետևաբար առնվազն 2 տարի կա մինչև սահմանը լիովին բացվի։ Բայց չի բացառվում, որ սահմանը կարող է բացվել, օրինակ, հիմնվելով ավելի քան 3 տարի առաջ ձեռք բերված պայմանավորվածության վրա, ըստ որի, Հայաստան-Թուրքիա սահմանը կարող է բացվել երրորդ երկրի քաղաքացիների համար։ Դա կարող է տեղի ունենալ, բայց չի նշանակում, որ ընդհանուր սահմանը բացված է»,- եզրափակել է Մելքոնյանը։