Դեպքը տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ որևէ առնչություն չունեցող հանգամանքներում. ՊՆ խոսնակ

08 Դեկտեմբերի 2025, 15:50

Քաղաքականություն

Լրատվամիջոցներում և տելեգրամյան մի շարք ալիքներում ընթերցողին մոլորության մեջ գցող «Վարդենիսում դժբախտ պատահարի հետևանքով ՊՆ սպա է մահացել» վերտառությամբ հրապարակում է տարածվում, որն ուղեկցվում է բանակային դիրքում պարտադիր ժամկետային զինծառայողի լուսանկարով: Այս մասին հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:

«Հայտնում ենք, որ նշված դեպքը տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ որևէ առնչություն չունեցող հանգամանքներում և վայրում, ինչի վերաբերյալ ՆԳՆ գործընկերները լրատվամիջոցներին համապատասխան մեկնաբանություն են տվել:

ԶԼՄ գործընկերներին հորդորում ենք պատասխանատվությամբ մոտենալ բանակին վերաբերող հրապարակումներին, խուսափել անբարեխիղճ վերնագրերից, հիմնվել միայն ստուգված ու պաշտոնական աղբյուրների վրա և խուսափել այնպիսի տեղեկատվության տարածումից, որը կարող է խեղաթյուրել իրականությունը կամ ստեղծել մտահոգություններ զինծառայողների ընտանիքներում»,- հայտնել է խոսնակը: