Վրաստանը մաքսատուրք չի գանձի Ադրբեջանից Հայաստան նավթամթերքների առաջին տարանցիկ փոխադրման համար
08 Դեկտեմբերի 2025, 23:42
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը արձագանքում է ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկատվությանն այն մասին, որ «մաքսային արգելքները խոչընդոտում են Ադրբեջանից Հայաստան երկաթուղով վառելիքի մատակարարմանը», հաղորդում է վրացական «Առաջին ալիքը»։
«Այս տարվա դեկտեմբերի 5-ին Վրաստանի կառավարությունը գործընկեր երկրներից Վրաստանի տարածքով Ադրբեջանից Հայաստան վառելիքի միանվագ տարանցման խնդրանք է ստացել։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի որոշմամբ՝ Վրացական երկաթուղուն անհապաղ հանձնարարվել է տվյալ բեռը միանվագ և ամբողջությամբ անվճար տեղափոխել երկաթուղով։ Այս որոշման մասին տեղեկացվել են պաշտոնական կողմերը։
Վրաստանը եղել և մնում է ռազմավարական և հուսալի գործընկեր թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար։ Մենք միշտ եղել և մնում ենք տարածաշրջանում խաղաղության և համագործակցության կողմնակիցներ», — նշել է Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը։