Բաքուն բողոք է հայտնել Հայաստանի և ԵՄ-ի միջև փաստաթղթի ստորագրման կապակցությամբ
10 Դեկտեմբերի 2025, 11:30
Բաքուն բողոք է հայտնել Հայաստանի և ԵՄ-ի միջև ստորագրված փաստաթղթում «ռազմական հանցագործություններում մեղադրվող անձանց որպես գերիներ» նշելու դեմ։
«Անընդունելի է, որ ԵՄ-ի և Հայաստանի միջև առաջիկա 7 տարիների ռազմավարական առաջնահերթությունները սահմանող այս երկկողմ փաստաթղթում ուշադրություն է դարձվում Ադրբեջանին առնչվող հարցերին, և դա նույնպես բացասաբար է ազդում Ադրբեջանի և ԵՄ-ի հարաբերությունների հեռանկարների վրա։ Փաստաթղթի ներածական մասում և մի շարք այլ բաժիններում «ադրբեջանական ռազմական գործողությունների հետևանքով տեղահանված ղարաբաղահայեր» արտահայտության օգտագործումը, որտեղ խոսվում է հայ բնակիչների մասին, որոնք Ադրբեջանի կողմից ներկայացված վերաինտեգրման ծրագիրը մերժելուց հետո կամավոր արտագաղթել են մեր երկրից Հայաստան, և այս հարցը ԵՄ-ի և Հայաստանի միջև գործընկերության առաջնահերթություն դարձնելը, ինչպես նաև այս անձանց «փախստականի» կարգավիճակին դասելը Ադրբեջանի նկատմամբ կողմնակալության ակնհայտ օրինակ է։
Բացի այդ, տարածաշրջանում իրավիճակի կարգավորման գործընթացներում ԵՄ-ի հնարավոր ներդրման վերաբերյալ բաժնում փաստաթուղթն ուղղակիորեն հիշատակում է Միջազգային դատարանի բոլոր համապատասխան որոշումների լիարժեք, անհապաղ և արդյունավետ իրականացմանն աջակցելու մասին, ինչն ակնհայտորեն վերաբերում է Ադրբեջանի դեմ Հայաստանի հայտնի պահանջներին։ Մարդկության դեմ հանցագործությունների և ռազմական հանցագործությունների համար մեղադրվող և դատապարտված հայկական ծագում ունեցող անձանց «գերիների» ցուցակում ներառելը և նրանց ազատ արձակումը որպես առանձին առաջնահերթություն առանձնացնելն անթույլատրելի է և իրականության լուրջ խեղաթյուրում է»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ: