ԲՐԻԿՍ-ի երկրների համար նոր վճարային համակարգը Հայաստանի շուկա մտնելու ուղիներ է փնտրում
10 Դեկտեմբերի 2025, 13:08
BRICS Pay վճարային համակարգը ցանկանում է մուտք գործել Հայաստանի շուկա։ Այս մասին հայտնել է նախագծի համակարգող Անդրեյ Միխայլիշինը՝ վերջերս Երևանում ռուսաստանյան «Plus Group» ընկերության կազմակերպած միջազգային ֆինանսական համաժողովի ընթացքում։
Ծրագրի նպատակն է տարբեր երկրների վճարային համակարգերի միջև ստեղծել կապուղիներ, որոնք թույլ կտան մի երկրի բնակչին, ժամանելով մի շարք այլ երկրներ, վճարել իր երկրի քարտերով: Շատ վճարային համակարգեր ունեն բանկային քարտերի սպասարկման վերաբերյալ երկկողմանի պայմանագրեր:
Նոր նախագիծը նախատեսում է միասնական ցանցի ստեղծում, ընդ որում, ոչ միայն ԲՐԻԿՍ-ի, այլև Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի այլ երկրների համար: Միխայլիշինի խոսքով, ընկերության անվանումն ընտրվել է՝ ելնելով նրանից, որ 2019 թվականին այն ստեղծվել է ԲՐԻԿՍ-ի Գործարար խորհրդի հովանու ներքո, սակայն ընկերությունը մասնավոր է և կապված չէ որևէ երկրի կառավարության հետ: Ընկերության դիտորդ խորհրդում կան ԲՐԻԿՍ-ի երկրների Կենտրոնական բանկերի ներկայացուցիչներ, սակայն ընկերությունը որևէ պետությունից դոտացիա չի ստանում։