Արևմուտքը փորձում է քանդել Հարավային Կովկասը, սեպ խրել ՌԴ-ի և տարածաշրջանի պետությունների հարաբերություններում. Միխայիլ Կալուգին
16 Դեկտեմբերի 2025, 13:45
Արևմուտքն ակտիվացրել է իր ապակառուցողական ջանքերը Հարավային Կովկասում և փորձում է սեպ խրել Ռուսաստանի և տարածաշրջանի պետությունների հարաբերություններում։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը:
«Ռուսաստանի շահերը Հարավային Կովկասում անսասան են։ Մեր գլխավոր նպատակն է, որ այնտեղ պահպանենք կայունության և բարգավաճման գոտին, որպեսզի կարողանանք տարածաշրջանի երկրների հետ համատեղ բացահայտել դրա ներուժը, ամրապնդել բարիդրացիական հարաբերությունները։ Ռուսաստանի հիմնարար շահը Կովկասում խաղաղությունն ու արարումն է։
Ընդգծեմ, որ Ռուսաստանը պարզապես Հարավային Կովկասի հարևանը չէ։ Ռուսաստանն ինքը կովկասյան տերություն է։ Լեռնաշղթայի հարավային կողմում գտնվող ժողովուրդների հետ մեզ միավորում են դարավոր բարեկամությունը, ընդհանուր պատմության փառահեղ էջերը, քաղաքակրթական մտերմությունը, միլիոնավոր ընտանեկան, ազգակցական կապերը: Երկար ժամանակ մենք ապրել ենք միասնական պետության կազմում։ Ժամանակին Ռուսաստանի հետ մերձեցումը տարածաշրջանի ժողովուրդներին թույլ է տվել պահպանել իրենց ինքնությունը։ Հարավկովկասյան հանրապետությունների պետական հիմքերի ձևավորումը տեղի է ունեցել ԽՍՀՄ ժամանակաշրջանում։ Համոզված եմ, որ մեր եզակի հարաբերությունները ժամանակի և արտաքին ճնշման ենթակա չեն»,- նշել է Կալուգինը։
Նրա խոսքով՝ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները միշտ անմիջականորեն առնչվել են Ռուսաստանին, այդ երկրի արտաքին և ներքին անվտանգության, ինչպես նաև տնտեսության ոլորտներում ունեցած շահերին։
«Եվ հենց այդ պատճառով այսօր Արևմտյան երկրները, իրենց սկսած «առանց կանոնների խաղի» շրջանակներում, ակտիվացրել են ապակառուցողական ջանքերը։ Նրանք փորձում են քանդել Հարավային Կովկասը, սեպ խրել տարածաշրջանի պետությունների և Ռուսաստանի հարաբերություններում, մեզ իրար դեմ հանել։ Սա բաժանման, այլ ոչ թե կառուցման քաղաքականություն է, քանի որ Արևմուտքի շատ երկրների համար Հարավային Կովկասը ոչ ավելին է, քան Ռուսաստանի հնարավոր «ցավոտ կետ»։ Գլխավորը՝ վնասել մեր երկրին, ընդ որում՝ ուրիշների շահերի հաշվին, ևս մեկ տարածաշրջան ներքաշել հակառուսական ծրագրերի մեջ», — նշել է Միխայիլ Կալուգինը։