ԱՄՆ-ի ներկայությունը տարածաշրջանում չի կարող չանհանգստացնել Թեհրանին․ Իրինա Ֆյոդորովա
16 Դեկտեմբերի 2025, 22:00
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Մերձավոր և Միջին Արևելքի երկրների ուսումնասիրության կենտրոնի ավագ գիտաշխատող Իրինա Ֆյոդորովան Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Իսլամական հեղափոխության առաջնորդի միջազգային հարցերով ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի հայտարարությունը։
«Կարծում եմ՝ Աքբար Վելայաթին խոսում է այն մասին, որ այդ տրանսպորտային երթուղու վերահսկողությունն իրականացվելու է ամերիկյան ընկերությունների ուժերով։ Եվ, բնականաբար, ամերիկյան, նույնիսկ մասնավոր ընկերությունների, զինվորականների ներկայությունը, որոնք մոտ կլինեն Իրանին, չի կարող չանհանգստացնել Թեհրանին։ Բնական է, որ այս իրավիճակում Իրանի ղեկավարությունը մտահոգություն է հայտնում հենց այս տրանսպորտային երթուղու կառուցման և շահագործման վերաբերյալ։
Այն, որ ՀՀ կառավարությունն ասում է, թե դա, այնուամենայնիվ, լինելու է հայկական պետության իրավասության և իրավական քարտեզի ներքո, ինձ թվում է, որ այստեղ իրանական կողմը հասկանում է, թե որքան ուժեղ է լինելու Միացյալ Նահանգների ազդեցությունը տարածաշրջանի այդ կետում»,- ասել է Ֆյոդորովան։