Երևանը հաշվի է առել Թեհրանի կենսական շահերը TRIPP նախագծում․ Իրանում ՀՀ դեսպան

17 Դեկտեմբերի 2025, 15:38

Քաղաքականություն

Հայաստանը, հավատարիմ մնալով բարեկամության և փոխվստահության մթնոլորտին, «Թրամփի ուղի» նախագծում հաշվի է առել Իրանի կենսական շահերը։ Այս մասին, ինչպես հայտնում է Իրանում ՀՀ դեսպանությունը, ասել է ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը իրանական «Tasnim» լրատվամիջոցին տված հարցազրույցում։  

Դեսպան Հակոբյանը հարցազրույցի ընթացքում խոսել է Հարավային Կովկասում հաղորդակցային ուղիների ապաշրջափակման վերաբերյալ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունի իրագործման ընթացքի մասին։ 

Այս առումով, պատասխանելով լրագրողի հարցին, որում վերջինս օգտագործել է «միջանցք» եզրույթը՝ դեսպան Գրիգոր Հակոբյանը, մասնավորապես, նշել է․  

«Նախևառաջ թույլ տվեք անդրադառնալ Ձեր հարցադրման մեջ օգտագործված «միջանցք» եզրույթին։ 2025թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և Միացյալ Նահանգների ղեկավարների կողմից ստորագրված հռչակագրով հստակ ամրագրված է, որ Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև Հայաստանի տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունն ապահովվելու է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» («TRIPP»)) ծրագրի շրջանակում։ Այսպիսով, Հայաստանի հարավով անցնող կապուղու պաշտոնական անվանումը հենց TRIPP է, և ցանկացած այլ բնորոշում, այդ թվում՝ «միջանցք», հակասում է հռչակագրի տառին և ոգուն, որը ստորագրել են Հայաստանի վարչապետը, Ադրբեջանի նախագահը և ԱՄՆ նախագահը»,-ընդգծել է ՀՀ դեսպանը։  

Նա նաև հորդորել է իրանական փորձագիտական և լրատվական հանրությանը առաջնորդվել այս հստակ ձևակերպմամբ։  

Դեսպանը շեշտել է, որ վաշինգտոնյան հռչակագիրը նախատեսում է ապաշրջափակել տրանսպորտային բոլոր հաղորդակցությունները՝ ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար՝ հիմնվելով պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության սկզբունքների վրա։  

«Պետք է ընդգծեմ, որ հավատարիմ մնալով բարեկամության և փոխվստահության մթնոլորտին՝ այս ամբողջ գործընթացի շրջանակում պաշտոնական Երևանը հաշվի է առել Թեհրանի կենսական շահերը, իսկ զարգացումների վերաբերյալ տարբեր մակարդակներում ընթացել է ակտիվ երկխոսություն: Հարկ եմ համարում նաև նշել, որ հենց այս սկզբունքներն են այն հենասյուները, որոնք մշտապես առաջնային են եղել ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Իրանի Իսլամական Հանրապետության համար, և դրանց պահպանումը լիովին համահունչ է մեր երկու պետությունների շահերին»,-ընդգծել է ՀՀ դեսպանը։   

Նրա խոսքով՝ ապաշրջափակման արդյունքում Հայաստանը Նախիջևանի տարածքով երկաթուղային կապ կունենա Իրանի Իսլամական Հանրապետության հետ, ինչը աննախադեպ հնարավորություն կստեղծի Իրանի համար՝ ուղիղ երկաթուղային հաղորդակցություն հաստատելու Վրաստանի հետ՝ կապվելով սևծովյան նավահանգիստներին։ Իր հերթին, Իրանը կդառնա ՀՀ-ի համար երկաթուղային տարանցիկ ուղի՝ Կենտրոնական Ասիայի և Հեռավոր Արևելքի երկրների հետ կապվելու առումով: Դեսպանը մատնանշել է, որ նախատեսվում են լրացուցիչ կապեր Հայաստանի տարբեր շրջանների միջև, ինչը մեծ նշանակություն ունի երկրի ներքին տնտեսական և լոգիստիկ համակարգերի համար։  

«Կարևոր է նաև, որ «Թրամփի ուղի» նախագծում երրորդ կողմի ներգրավման հարցում Հայաստանը և ԱՄՆ-ն ունեն հավասար վետոյի իրավունք, ուստի ցանկացած կողմ միայն Երևանի և Վաշինգտոնի համաձայնությամբ կարող ներգրավվել այդ ծրագրում։ Այժմ Վաշինգտոնի հետ ակտիվորեն քննարկվում են «Թրամփի ուղի» ծրագրի իրականացման ընդհանուր պայմանները։ Նախատեսվում է, որ Հայաստանում կգրանցվի հայ-ամերիկյան համատեղ «TRIPP Company»-ն, որը կստանա երկաթուղային, ճանապարհային, նավթային և գազային խողովակաշարերի, ինչպես նաև օպտիկամանրաթելային մալուխների անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացման իրավունք։ Նախանշվում է, որ արդեն հաջորդ տարի կանցնենք ծրագրի գործնական իրականացման և շինարարության փուլին»,-մանրամասնել է դեսպանը։  

Գրիգոր Հակոբյանը հայտարարել է, որ «Թրամփի ուղի»-ն լիովին համահունչ է Հայաստանի կառավարության առաջ քաշած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը և նպաստելու է տարածաշրջանային փոխկախվածությունների ստեղծմանը՝ դառնալով կայուն խաղաղության կարևոր գործոն։  

«Ուրախությամբ կարող եմ նշել, որ հաղորդակցությունների աստիճանական բացման վերաբերյալ քաղաքական համաձայնություններն արդեն տալիս են իրական արդյունքներ։ Ադրբեջանը հոկտեմբերին հայտարարել է իր տարածքով Հայաստան ապրանքների տարանցման սահմանափակումների վերացման մասին, և արդեն ունենք առաջին գործնական օրինակները․ Ղազախստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով երկաթուղով հացահատիկ է տեղափոխվել Հայաստան։ Հայաստանը նույնպես բազմիցս հաստատել է իր պատրաստակամությունը՝ ինչպես քաղաքական, այնպես էլ տեխնիկական առումով ապահովելու Թուրքիայի և Ադրբեջանի միջև բեռների տարանցումն իր տարածքով: Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ «Թրամփի ուղի» նախագիծը Հայաստանին, Ադրբեջանին և ամբողջ տարածաշրջանին առաջարկում է հաղորդակցման նոր, միջազգային աջակցությամբ ամրացված մոդել, որը հիմնված է ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, փոխադարձության և իրավազորության սկզբունքների վրա»,-ասել է դեսպան Հակոբյանը։ 

Նա վստահություն է հայտնել, որ նախագծի իրականացումը ոչ միայն կխթանի տնտեսական համագործակցությունը, այլև կամրապնդի խաղաղությունն ու կայունությունն ամբողջ տարածաշրջանում։