Անհնար է արցախցիների վերադարձի հարցը և «Արևմտյան Ադրբեջանի հարցը» նույն հարթության մեջ դիտարկել․ Սամվել Շահրամանյան
18 Դեկտեմբերի 2025, 13:28
Անհնար է արցախցիների վերադարձի հարցը և հորինված ինչ-որ «Արևմտյան Ադրբեջան»-ի հարցը միևնույն հարթության մեջ դիտարկելը, ինչն անում է ՀՀ իշխանությունը, ուստի դրա վերաբերյալ հարցերը պետք է ուղղել իրենց։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։
Նա նշել է, որ հայերի՝ Արցախ վերադարձը միջազգային իրավունքի հարց է։
«Մենք հենց այդ հարցը բարձրացնում ենք, մեզ մեղադրում են ռևանշիզմի կամ պատերազմ հրահրելու մեջ։ Ուզում եմ բոլորի համար պարզ լինի՝ խաղաղության գինը ոչ ոք այդքան լավ չգիտի, որքան արցախցիները։ Մենք ասել ենք, որ կողմ ենք խաղաղությանը, դրան դեմ լինել հնարավոր չէ։ Մենք բարձրացնում ենք հարցեր, որոնք միջազգային իրավունքի տեսակետից բխող հարցեր են», — ընդգծել է Շահրամանյանը։