10 եպիսկոպոսների գործողությունները ողջունում եմ և աջակցում. Նիկոլ Փաշինյան

18 Դեկտեմբերի 2025, 14:29

Քաղաքականություն

Նախ՝ բախումների որևէ հնարավորություն բացառում եմ, որովհետև Հայաստանի իրավապահ մարմիններն ունեն բոլոր գործիքակազմը և հնարավորությունները՝ սադրիչ գործելակերպով աչքի ընկնող բոլոր անձանց չեզոքացնելու համար օրենքով սահմանված կարգով: Այդ մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին պետք է պաշտպանել Կտրիճ Ներսիսյանից և Մայր աթոռը զավթած մյուս աղանդավորների խմբից: Ես արդեն իմ դիրքորոշումն ասել եմ, որ Կտրիճ Ներսիսյանը և նրա նեղ շրջապատը աղանդավորներ են, ովքեր զավթել են և եղծում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դավանանքը:

Հաջորդը. 10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում եմ և աջակցում»,- նշեց վարչապետը: 

«10 եպիսկոպոսներն Էջմիածնի միաբաններ են, այսինքն՝ Էջմիածնի վանական համալիրն իրենցն է, և իրենք էլ Էջմիածնի վանական համալիրինն են, հետևաբար իրենց հնչեցրած հրավերը՝ հավաքվելու Մայր Աթոռում, բացարձակապես լեգիտիմ է, որովհետև դա, ըստ էության, իրենց միաբանությունն է, իրենց կեցավայրն է, և իրենք ունեն լեգիտիմություն իրենց հետևորդներին, և նրանք թեմակալ առաջնորդներ են, և իրենց թեմերի հավատացյալներին հրավիրել: Խոսքը Արարատյան թեմի առաջնորդի մասին է, Արմավիրի թեմի առաջնորդի մասին է, Մասյացոտն թեմի առաջնորդի մասին է, այսինքն՝ իրենք, ըստ էության, գործում են իրենց թեմում: Այսպիսով՝ նրանց գործողությունները լեգիտիմ են: Նաև շատ է հնչում, որ որոշակի հարցադրումներ են արվում՝ ինչն է կապում ինձ 10 եպիսոկոպոսների հետ. միայն և միայն, բացառապես օրակարգը՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նորոգման օրակարգը, և մի հարցում և էլի ուրիշ հարցերում մենք ունենք կոնսենսուս, որ այդ օրակարգն անհնար է իրականացնել առանց Կտրիճ Ներսիսյանի հեռացման Մայր Աթոռից:

Հաջորդը՝ ասում եմ, որպես ՀՀ վարչապետ, մենք արդեն բավականին երկար ժամանակ այդպես գործում ենք, բայց այդպես չենք հայտարարել. Կտրիճ Ներսիսյանի որևէ որոշում ՀՀ-ը չի ընդունելու, որովհետև նրա կայացրած ցանկացած որոշում ոչ լեգիտիմ է: Օրինակ՝ Տեր Արամ Ասատրյանը շարունակում է ՀՀ-ի համար լինել Տեր Արամ Ասատրյան, և Կտրիճ Ներսիսյանի որոշումը՝ նրան կարգալույծ անելու մասին, մենք չենք ընդունել, և մենք շարունակում ենք Տեր Արամ Ասատրյանին, Տեր Թադեին, Տեր Տարոնին համարել գործող հոգևորական: 

Խնդիրն այն է, որ մենք բոլորս՝ ես էլ, 10 եպիսկոպոսներն էլ, ընդունում ենք, որ մենք բոլորս մեղավոր ենք Հայաստանի Առաքելական Սուրբ Եկեղեցու ճգնաժամի համար և պատասխանատու ենք այդ ճգնաժամը լուծելու համար: Այսօրվա իրադարձությունը նրա մասին է, որ Հայաստանի Առաքելական Սուրբ Եկեղեցում ճգնաժամ է, և այդ ճգնաժամը պետք է հանգուցալուծվի: Չի հանգուցալուծվելու այդ ճգնաժամը, քանի դեռ Կտրիճ Ներսիսյանը հեռացված չէ Մայր Աթոռից: Այսօր կհեռացվի Մայր Աթոռից, ուրեմն ճգնաժամի հաղթահարման մեկնարկը կտրվի այսօր. բոլոր դեպքերում առաջին քայլը դա է: Սա նաև կոնսենսուսի հաջորդ կետն է մեր և 10 եպիսկոպոսների:

Ես ուզում եմ 10 եպիսկոպոսներին շնորհակալություն հայտնել իրենց խիզախության համար: Որովհետև հեշտ չէ անել այն, ինչ որ իրենք անում են: Ես աջակցում եմ և կաջակցեմ բոլոր հնարավոր օրինական և քրիստոնեական հավատքի վրա հիմնված միջոցներով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք՝ տասը եպիսկոպոս հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով այսօր՝ ժամը 17:00-ին, միանալ իրենց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Գարեգին Բ-ին հանգստի կոչելու պահանջով: Եպիսկոպոսների ձևակերպմամբ՝ դա արդեն դարձել է անհետաձգելի անհրաժեշտություն։

Հիմա եթերում