Մենք աջակցում ենք Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը՝ ապահովելու Լաչինի միջանցքով մարդկանց և տրանսպորտի ազատ տեղաշարժը. Գերմանիայի ԱԳՆ
01 Օգոստոսի 2023, 11:00
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը, պատասխանելով Գերմանիայում գործող Haypress լրատվականի հարցերին, հայտարարել է, որ Գերմանիայի կառավարությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղության հաստատմանն ուղղված ԵՄ ջանքերին․ Դաշնային կառավարությունն այս գործընթացում մշտական կապի մեջ է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։
Haypress լրատվականը Գերմանիայի Արտաքին գործերի նախարարությանը ուղղել է հետևյալ հարցերը․
1․ Արդյոք Գերմանիան ներկա է գտնվել դիվանագետների այցին, որի նպատակն էր ականատես լինել Ադրբեջանի կողմից մարդասիրական բեռների փոխադրման արգելափակմանը։
2․ Ի՞նչ գործողություններ է ձեռնարկել Գերմանիան այս կապակցությամբ։
Գերմանիայի արտաքին գործերի նախարարության պատասխանում նշված է․
«Դաշնային կառավարությունը աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղության հաստատմանն ուղղված ԵՄ ջանքերին։ Դաշնային կառավարությունն այս գործընթացում մշտական կապի մեջ է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։ Երևանում Գերմանիայի դեսպանությունն այստեղ տեղում` Հայաստանում, շարունակական կապի մեջ է ինչպես Հայաստանի կառավարության և քաղհասարակության, այնպես էլ Հայաստանում ԵՄ առաքելության հետ։ Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակի վերաբերյալ դեսպանությունը կանոնավոր կերպով համագործակցում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հետ, որի միջոցով Լեռնային Ղարաբաղի համար նախատեսված հումանիտար աջակցությանը ներգրավման ամենամեծ ծավալները բաժին են ընկնում Գերմանիային։ Գերմանիան աջակցում է Լաչինի միջանցքով մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը, որով պետք է երաշխավորվի Լեռնային Ղարաբաղի բնակչության կենսական կարիքների ապահովումը»։