Եկեղեցու հեղինակությունը սասանելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման. ՀԱԵ Ղրիմի հոգևորականություն

22 Դեկտեմբերի 2025, 20:23

Քաղաքականություն

Հայ Առաքելական եկեղեցու Ղրիմի հոգևորականությունը և Ղրիմի Հանրապետության տարածաշրջանային հայկական ազգային-մշակութային ինքնավարությունը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում է․

«Մենք՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի Ղրիմի հոգևորականության և Ղրիմի հայ համայնքների ներկայացուցիչներս, խորապես մտահոգված ենք և խստորեն դատապարտում ենք Հայաստանի Հանրապետության իշխանությունների հակասահմանադրական, հակաեկեղեցական ու աստվածամարտ գործողությունները, ինչպես նաև հոգևորականների և եկեղեցասեր զավակների ապօրինի ձերբակալություններն՝ անհիմն ու կեղծ մեղադրանքներով։

Բազում փորձություններ ու հալածանքներ վերապրած Հայ Առաքելական եկեղեցին միշտ եղել և մնում է հայ ժողովրդի հոգևոր միասնության սյունն ու հիմքը՝ համախմբված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և նրա առաջնորդի՝ 132-րդ Ամենայն Հայոց Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հովանու ներքո։

Ղրիմի հայերը՝ լինելով օրհնյալ ղրիմյան թերակղզին զարդարող հայկական հնամենի սրբավայրերի ու տաճարների պահապաններն ու պաշտպանները, հաստատում են, որ հենց Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու փրկարար առաքելության շնորհիվ է պահպանվել նաև մեր բազմամարդ համայնքը։

Պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ ցանկացած ճնշում, հարձակում, եկեղեցու հեղինակությունը սասանելու և հայ հասարակության մեջ պառակտում մտցնելու փորձերը դատապարտված են ձախողման և կարժանանան կտրուկ մերժման ինչպես հոգևորականության, այնպես էլ բազմամիլիոնանոց հոտի կողմից՝ թե՛ Հայրենիքում, թե՛ Սփյուռքում։

Հայտնում ենք մեր անվերապահ աջակցությունն ու հավատարմությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և համազգային ընտրյալ հոգևոր առաջնորդ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին»,- ասված է հայտարարության մեջ։