Դեռևս 80-ականներին թուրքական հատուկ ծառայությունները ծրագրում էին լուծել հայ ժողովրդին վերաբերող մի քանի հարց. Բաղդասարով
22 Դեկտեմբերի 2025, 22:30
Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը Alpha News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Հայաստանի իշխանությունների հարձակումները Հայ Առաքելական եկեղեցու դեմ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Սանկտ Պետերբուրգ՝ իր հակառուսական հայտարարությունների ֆոնին, Իլհամ Ալիևի բացակայությունը, Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի կոշտ հայտարարությունը «Թրամփի ուղու» մասին, ինչպես նաև Մայամիում Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունների հնարավոր ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա։
«Նախ, կցանկանայի ասել, որ այս գործողությունները պարոն Փաշինյանի հորինվածքը չեն։ Նա կատարում է թուրքական հատուկ ծառայությունների կամքը։ Դեռևս 80-ականներին Թուրքիայում առիթ եմ ունեցել ծանոթանալու որոշ փաստաթղթերի, որոնցում նշված է, որ թուրքական հատուկ ծառայությունները ծրագրում էին լուծել հայ ժողովրդի հետ կապված մի քանի հարց՝ վերջնականապես ոչնչացնելով նրան։
Առաջինը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից հրաժարվելն է։ Նրանք այն ժամանակ մի շարք պատճառներով չէին կարող աշխատել ՀԽՍՀ-ում, բայց ակտիվորեն փորձում էին աշխատել սփյուռքի որոշ մարդկանց հետ՝ պարբերաբար տեղեկատվական դաշտ նետելով տարբեր տեսակի սադրանքներ։
Երկրորդը հայ ժողովրդի պատմական հիշողությունից հրաժարվելն է․ դա վերաբերում է պատմական Հայաստանին։ Հիշեցնեմ՝ դա 360 հազար քառակուսի կիլոմետր է։ Եվ եթե նույնիսկ երբևէ լինի անկախ Հայաստան, ապա այս 29 հազար քառակուսի կիլոմետրն է հենց ամբողջը (պատմական Հայաստանը)։
Երրորդը Հայ Առաքելական եկեղեցու ջախջախումն է, որը միշտ զգալի դեր է ունցել հայ ժողովրդի պատմության մեջ, հատկապես պետականության կորստից հետո, և, ըստ էության, ծառայել է որպես կապող օղակ աշխարհի տասնյակ երկրներում սփռված հայ ժողովրդի տարբեր համայնքների միջև։
Ուստի Փաշինյանն ու իր թիմը դա անում են թուրքական հատուկ ծառայությունների ցանկությամբ, որոնք հատկապես ակտիվացան Անկարա կատարած հայտնի այցից և Էրդողանի հետ հանդիպումից հետո։ Այսինքն՝ թուրքերի և նրանց հետևում կանգնածների՝ բրիտանացիների և ամերիկացիների կարծիքով եկել է ժամանակը: Պատմականորեն այնպես է ստացվել, որ Թուրքիան միշտ խաղացել է Արևմուտքի առաջապահ ջոկատի դերը Ռուսաստանի և հայ ժողովրդի դեմ գործողություններում»,- հայտարարել է Բաղդասարովը։
Նա նաև մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի այցը Սանկտ Պետերբուրգ՝ նրա հակառուսական հայտարարություններից հետո։
«Զարմանում եմ ռուս գործընկերների արձագանքի վրա, երբ նրանք հանդիպում են նրա հետ: Գիտեք՝ կարելի է չճանաչել Հայաստանը, կարելի է չճանաչել Հարավային Կովկասը, բայց չտեսնել, թե ինչ է կատարվում, արդեն անհնար է: Ուշադրություն դարձրեք՝ վերջին շրջանում, երբ Փաշինյանը վերադարձավ Անկարայից, Հայաստանի տեղեկատվական դաշտում անմիջապես լուրեր տարածվեցին, թե, իբր,Ռուսաստանը հեղաշրջում է նախապատրաստում: Նույնիսկ նշվում են ընկերություններ, որոնք, իբր, դա ֆինանսավորում են, այդ թվում՝ «Ռուսական երկաթուղիները», «Գազպրոմը» և այլն, հրապարակվում է Ռուսաստանի գործակալների ցուցակը և այլն։ Այսինքն՝ տարվում է լուրջ հակառուսական քարոզչություն՝ ուղղված Ռուսաստանի շահերի դեմ։
Շրջանառվում է հետևյալ թեզը՝ ով հանդես է գալիս հայկական ինքնության, հայոց պատմության օգտին, հայտարարվում է ԿԳԲ-ի գործակալ: Հայտարարվում է, թե Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության հարցը բարձրացրել է Խորհրդային Միության Պետական անվտանգության կոմիտեն։ Հիշեցնեմ, որ «ցեղասպանություն» հասկացությունը ստեղծել է Ռաֆայել Լեմկինը՝ բոլորին հայտնի մարդ, էթնիկ հրեա, ԱՄՆ քաղաքացի։ Կասկածում եմ, որ նա որևէ կապ է ունեցել ԿԳԲ-ի հետ: Հիշեցնեմ նաև՝ առաջին երկիրը, որը 1965 թվականին ճանաչեց Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը, լատինամերիկյան փոքրիկ երկիրն էր՝ Ուրուգվայը»,- նշել է նա։