ԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել Ադրբեջանին ամերիկյան օգնությունը սահմանափակելու և Հայաստանի անվտանգության ամրապնդման նպատակով
22 Դեկտեմբերի 2025, 17:48
ԱՄՆ Կոնգրեսում ներկայացվել է երկկուսակցական «ARMENIA Security Partnership Act» օրինագիծը, որը նախաձեռնել են Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի համանախագահներ Գաս Բիլիրակիսը և Ֆրենկ Փալոնը։ Օրինագծին ակտիվորեն առաջ է մղվում Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աշխատանքների արդյունքում։
Օրինագծի նպատակն է արգելել ԱՄՆ նախագահին շրջանցել 907-րդ բանաձևի սահմանափակումներն Ադրբեջանի նկատմամբ, քանի դեռ Ալիևի վարչակարգը չի իրականացրել հստակ և չափելի քայլեր՝ ուղղված Հայաստանի հետ կայուն խաղաղության հաստատմանը։
Այդ քայլերի թվում են՝
բոլոր հայ գերիների և պատանդների անհապաղ և անվերապահ ազատումը,
ադրբեջանական զորքերի ամբողջական դուրսբերումը Հայաստանի ինքնիշխան տարածքից,
Արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը,
հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանության ապահովումը։
Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշել է՝ օրինագիծը «դադարեցնում է Ադրբեջանի շարունակական ագրեսիան խրախուսող քաղաքականությունը և ԱՄՆ արտաքին քաղաքականությունը հիմնավորում է խաղաղության կոնկրետ չափորոշիչներով ու պատասխանատվությամբ»։