Ալիևի բացակայությունը ԱՊՀ գագաթնաժողովից ցուցադրական քայլ էր․ Ալեքսանդր Ցինկեր

25 Դեկտեմբերի 2025, 21:45

Քաղաքականություն

Քաղաքագետ Ալեքսանդր Ցինկերը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է, թե ինչով էր պայմանավորված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բացակայությունն ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում։

«Իրավիճակը տարօրինակ է թվում։ Քանի որ լրատվամիջոցներում այն տեղեկության հրապարակումից մեկ օր առաջ, թե նախագահ Ալիևը չի մեկնելու Մոսկվա, ես կարդացել էի Պեսկովի նյութը, որտեղ նա պատմում էր, որ Սանկտ Պետերբուրգում նախատեսվում է եռակողմ հանդիպում՝ Պուտին–Փաշինյան–Ալիև ձևաչափով։ Ենթադրվում էր, որ նրանք ցանկանում են քննարկել Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը և մի շարք այլ հարցեր։ Եվ բառացիորեն հաջորդ օրը մենք տեղեկանում ենք, որ նախագահը փոխել է իր որոշումը և չի մեկնելու։ Այն բացատրությունները, թե Ալիևը զբաղված է, տարվա վերջ է, կան ինչ-որ միջոցառումներ, անկեղծ ասած, այնքան էլ լուրջ չեն թվում։ Քանի որ անհնար է, որ երեկոյան նա չիմանար իր միջոցառումների մասին, իսկ առավոտյան հանկարծ հիշեր, որ ինչ-որ բան է պլանավորված», — ասել է Ցինկերը։

Փորձագետի կարծիքով՝ վերջին շրջանում Ալիևը ձգտում է, որպեսզի Ադրբեջանի և Հայաստանի միջև խնդիրների լուծման գործընթացում Ռուսաստանը չմասնակցի։

«Եթե հիշենք այն իրավիճակը, որը ստեղծվել էր ադրբեջանական խոցված ինքնաթիռի միջադեպից հետո, ապա ես չեմ կարծում, որ հենց այս պահին դա է առանցքային գործոնը։ Այդ թեման աստիճանաբար անցնում է երկրորդ պլան, թեև հարցը, անշուշտ, ամբողջությամբ փակված չէ։ Ինձ թվում է, որ վերջին շրջանում Ալիևը, նախևառաջ, ձգտում է, որպեսզի Ադրբեջանի և Հայաստանի միջև խնդիրներում չլինի որևէ երրորդ կողմ, և տվյալ դեպքում՝ առաջին հերթին Ռուսաստանը։ Միակ մարդը, ում հետ նա, ըստ էության, չի կարող վիճել, ԱՄՆ նախագահ Թրամփն է, քանի որ հենց Ամերիկայում է այդ ամենը ստորագրվել։ Մյուս կողմից՝ այն բանից հետո, երբ ամերիկացիները քայլ արեցին Ադրբեջանի ուղղությամբ և չեղարկեցին որոշումը, որով արգելվում էր ԱՄՆ-Ադրբեջան որոշակի տեսակի զինատեսակների առևտուրը, Ալիևը փորձում է պահպանել լավ հարաբերություններ Միացյալ Նահանգների հետ», — նշել է Ցինկերը։

Քաղաքագետի կարծիքով՝ Ադրբեջանի կողմից ԱՊՀ գագաթնաժողովին մասնակցելուց հրաժարվելը ցուցադրական քայլ էր։

«Կարծում եմ՝ սա ավելի շուտ ցուցադրական ժեստ էր՝ ցույց տալու, որ այդ հանդիպմանը նա անելիք չունի, ունի իր հարցերը, իր քաղաքականությունը և իր վարքագիծը։ Այո, Ադրբեջանը ձևականորեն մնում է ԱՊՀ կազմում, սակայն միաժամանակ ընդգծում է իր ինքնուրույնությունը։ Ինչու է նա որոշել դա ցուցադրել հենց հիմա՝ բաց հարց է», — եզրափակել է Ցինկերը։

Մանրամասները՝ տեսանյութում։