Դժվար է խաղաղություն անվանել մի իրավիճակ, երբ Հայաստանը զոհաբերում է իր կենսական շահերը․ Լևոն Քոչարյան

29 Դեկտեմբերի 2025, 22:50

Քաղաքականություն

Սա խաղաղություն չէ, սա մեկ մարդուց կախված զինադադար է։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

«Դժվար է խաղաղություն անվանել մի իրավիճակ, երբ Հայաստանը զոհաբերում է իր կենսական ու ազգային շահերը՝ գնալով միակողմանի զիջումների»,- ասել է Քոչարյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը ստանում է այն ամենը, ինչ ցանկանում է, իսկ իշխանությունները՝ հլու-հնազանդ համաձայնում են։

Ըստ պատգամավորի՝ խաղաղություն հնարավոր է միայն այն դեպքում, երբ հակառակորդը չի հանդգնի հարձակվել՝ իմանալով, որ կստանա համարժեք պատասխան։ Քոչարյանը նաև նշել է, որ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» իրականում շարունակական նահանջ է։

«Մենք ուզում ենք արժանապատիվ խաղաղություն։ Առանց մեր օրակարգը հաշվի առնելու խաղաղություն չի լինելու։ Օրինակ՝ պետք է ֆիքսել արցախցիների վերադարձի իրավունքը, մշակութային ժառանգության պաշտպանությունը»,- ընդգծել է Լևոն Քոչարյանը։

Նրա դիտարկմամբ՝ իշխանության կոշտ հռետորաբանությունը և բռնաճնշումները ուղիղ համեմատական են վարկանիշի անկմանը․ «Նիկոլ Փաշինյանն ասում է՝ կառավարությունը ես եմ, դատական իշխանությունը ես եմ, իրավապահ համակարգը ես եմ։ Մեկ անհավասարակշիռ ու անհեռատես մարդու ձեռքում կենտրոնացել է ամբողջ երկրի ճակատագիրը»։

Պատգամավորն անդրադարձել է նաև թուրք-ադրբեջանական լրատվամիջոցների կողմից իրեն թիրախավորելուն՝ դա համարելով իր սկզբունքային դիրքորոշման արդյունք։

«Նիկոլ Փաշինյանը հետագայում Ադրբեջանում կկարողանա ազգային հերոսի տիտղոսի արժանանալ, որովհետև այն, ինչ նա արել է Ադրբեջանի ու Թուրքիայի համար, իրենք իրենցով չէին կարող անել։ Իհարկե, ինձ պիտի թիրախավորեն, որովհետև մենք խոսում ենք ազգային արժանապատվության և հզոր բանակի մասին»,- հավելել է պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հիմա եթերում