Անհապաղ դադարեցրե՛ք այս խայտառակությունը և հանգի՛ստ թողեք եկեղեցուն․ Լևոն Մուկանյան
30 Դեկտեմբերի 2025, 00:45
Alpha News-ի ուղիղ եթերում Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի պետական և հասարակական կառույցների հետ կապերի ներկայացուցիչ Լևոն Մուկանյանը մեկնաբանել է իշխանությունների հարձակումները Հայ Առաքելական եկեղեցու դեմ։
«Մենք տեսնում ենք Հայաստանում տեղի ունեցող այն ճնշումներն ու բռնաճնշումները, որոնց ենթարկվում է Հայ Առաքելական եկեղեցին։ Իմ կարծիքը համընկնում է Ռուսաստանում բնակվող հայերի ճնշող մեծամասնության դիրքորոշման հետ՝ թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի քաղաքացիների։ Սա բացարձակապես անընդունելի իրավիճակ է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, լինելով երկրի ղեկավար, անթույլատրելի ձևով ոտնահարում է ՀՀ Սահմանադրության հիմքերը, խախտում է էթիկայի և բարոյականության բոլոր պատկերացնելի ու անպատկերացնելի նորմերն՝ իրեն թույլ տալով վիրավորական արտահայտություններ Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարության հասցեին։
Երբ մենք հայտնում ենք մեր վճռական բողոքը, Հայաստանից հաճախ լսում ենք. «Դուք ապրում եք Ռուսաստանում, դա ձեր գործը չէ»։ Բայց ես կասեմ՝ դա հենց մեր գործն է։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պաշտոնյա չէ, որին կարելի է փոխարինել կամ փոխել վարչապետի որոշմամբ։ Կաթողիկոսն ընտրվում է եկեղեցական համազգային ժողովի կողմից, և բոլոր հայերը, որտեղ էլ որ բնակվեն, ուղղակի կապ ունեն իրենց Վեհափառ Հայրապետի հետ, ում մենք սատարում ենք։
Մենք բազմիցս հայտարարել ենք այս մասին հանրային ակցիաների ժամանակ, այդ թվում՝ Ռուսաստանում ՀՀ դեսպանատան մոտ, որպեսզի Փաշինյանին հասցնենք մեր դիրքորոշումը։ Ռուսաստանի բոլոր հայկական հասարակական կազմակերպությունները կտրականապես բողոք են արտահայտում նրա կործանարար գործողությունների դեմ։ Ես չեմ լսել որևէ դեպք, որ որևէ կազմակերպություն սատարի նման քայլերը։
Մենք պահանջում ենք անհապաղ դադարեցնել ողջ աշխարհի առջև տեղի ունեցող այս խայտառակությունը և հանգիստ թողնել եկեղեցուն, որն ի վիճակի է ինքնուրույն լուծել իր ներքին և տնտեսական հարցերը։ Հայաստանն իր պատմության ընթացքում փոխել է պետականության ձևերը, բայց եկեղեցին միշտ առաջնորդել է մեզ և պահպանել ժողովրդին»,- նշել է Մուկանյանը։