Տնային կալանքը ևս ազատությունը սահմանափակող խափանման միջոց է․ փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին
30 Դեկտեմբերի 2025, 22:53
2025–ի նոյեմբերի 18-ին հաջորդած ժամանակահատվածում մեր կողմից թե քննչականին, թե դատախազությանը, թե իրավասու այլ մարմիններին ներկայացվել են 10-ից ավելի միջնորդություններ. Դրանցից յուրաքանչյուրը իր ազդեցությունն ունենում է իրավաչափության պայմանների վրա։ Այս մասին «Երևան կենտրոն» ՔԿՀ-ի մոտ լրագրողներին հայտնել է փաստաբան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքը տնային կալանքով փոխարինելու դատարանի որոշմանը։
«Քննիչը մեր կողմից ներկայացված միջնորդությունները, որոնք վերաբերում են իրենց պարտականությունների կատարմանը, խոչընդոտելու իբրև ռիսկի նվազմանը, որակում էր այն անհիմն միջնորդություն և մերժում էր։ Այդ ամենը չէր կարող իրավական հետեւանք չունենալ։ Այս ընթացքում մեր կողմից բոլոր հիմնավորումները, հիմքերը կուտակել էինք և ներկայացրել էինք իբրև նոր ի հայտ եկած փաստարկների հիմքով միջնորդություն դատարանին։
Դատարանը որոշեց մեր միջնորդությունը բավարարել մասնակի՝ կիրառելով տնային կալանք և գրավ։ Ես ուզում եմ նշել, որ տնային կալանքը նույնն է, ինչ կալանքը, այս դեպքում ևս մենք խոսում ենք ինտենսիվ սահմանափակման մասին, հետւաբար այստեղ ես հատուկ շնորհավորանքներ չեմ ներկայացնում։ Վստահ եղեք, տնային կալանքը ևս ծանր, ազատությունը սահմանափակող խափանման միջոց է»,–նշել է նա։
Վարդևանյանի փոխանցմամբ՝ հաղորդակցման սահմանափակումները ինտենսիվ կերպով կիրառված են։
«Բացառապես մերձավոր ազգականներին է վերաբերելու։ Կարծես նաև խոսքի ազատության սահմանափակում էլ է նախատեսված։ Դատարանի որոշումն ստանալուց հետո ամբողջական դիրքորոշում կարտահայտենք, այդ թվում վերաքննության կարգող բողոքարկման մասով։ Մեր ակնկալած խափանման միջոցը պարզապես խափանման միջոցի վերացումն էր»,–ընդգծել է փաստաբանը։