Ապահովե՛լ տեսազանգ հորս հետ. առևանգված Վագիֆ Խաչատրյանի դստեր պահանջը՝ Կարմիր խաչից
02 Օգոստոսի 2023, 15:49
Մինչ այսօր Ադրբեջանի սահմանապահների կողմից առեւանգված Վագիֆ Խաչատրյանի հետ կապի դուրս գալ չի հաջողվել, միայն հուլիսի 29-ի երեկոյան է հայտնի դարձել, որ Բաքվի հիվանդանոցներից մեկում Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են տղամարդուն: Նրա դուստրը շարունակում է պայքարել՝ հորից տեղեկություններ ստանալու եւ նրա վերադարձին հասնելու համար: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակից նա պահանջում է ապահովել տեսազանգ հոր հետ: Վերա Խաչատրյանի խոսքով՝ ԿԽՄԿ-ից չեն նշել, թե հայրը կոնկրետ որ հիվանդանոցում է գտնվում։
«Ասել են՝ տեսակցել են, հայրս գտնվում էր լավ վիճակում, սակայն ես չեմ կարող հավատալ ոչ մեկի խոսքին: Ես այսօր պահանջում եմ ԿԽՄԿ-ից ապահովել տեսազանգ հորս հետ, որպեսզի իմանամ, թե հայրս ֆիզիկապես ինչ վիճակում է, հոգեպես ինձ արդեն հայտնի է: Ասում են, որ կարող եք բանավոր խոսք փոխանցել, բայց թե՛ ես, թե՛ հայրս, թե՛ ընտանիքիս մյուս անդամները բանավոր փոխանցելու ոչինչ չունենք, քանզի մենք գիտենք՝ ինչ ենք զգում միմյանց նկատմամբ, ի՞նչ կարող ենք փոխանցել միմյանց:
Դրա համար ինձ այժմ միայն պետք է տեսնել հորս՝ հասկանալու, թե ինչպիսի ֆիզիկական վիճակում է գտնվում: Միգուցե կոմայի մեջ է, դրա համար տեսազանգ չեն ապահովում, կամ միգուցե այլևս ֆիզիկապես մեզ հետ չէ: Դա ամենաանտանելի ցավն է, որ կարող է դուստրը բարձրաձայնել իր հոր մասին, բայց այսօր ես եմ հայտնվել այդ վիճակում: Յուրաքանչյուրը կարող էր լինել իմ տեղը»,- նշել է Վերա Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ քանի որ ԿԽՄԿ-ի երաշխավորության ներքո էր հայրը գալիս Հայաստան՝ բուժում ստանալու, ուստի իրենք ևս կրում են պատասխանատվություն Վագիֆ Խաչատրյանի առևանգման համար:
Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Հակարիի կամրջի վրա տեղադրված ադրբեջանական ապօրինի անցակետից Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչներն առեւանգել էին 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին, որը ԿԽՄԿ միջնորդությամբ և ուղեկցությամբ սրտի անհետաձգելի բուժօգնության նպատակով Արցախից Հայաստան էր տեղափոխվում։ Խաչատրյանի ընտանիքի անդամները հայտարարել են, որ որեւէ լուր չունեն Վագիֆ Խաչատրյանից:
Դստեր՝ Վերա Խաչատրյանի փոխանցմամբ՝ միայն գիտեն, որ հայրը Բաքվի հիվանդանոցներից մեկում է: Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել էր, թե Վագիֆ Խաչատրյանը ձերբակալվել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել իբր «հանցավոր խումբ ստեղծելու և 1991թ. դեկտեմբերի 21-ին Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններ իրագործելու համար»:
Օգոստոսի 1-ին հայտնի դարձավ, որ ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել Ադրբեջանին մինչև օգոստոսի 8-ը ժամանակ տալ՝ Վագիֆ Խաչարյանի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար: Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի փոխանցմամբ՝ ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ Ադրբեջանը պարտավոր է դատարանին տեղեկություններ հայտնել այդ անձի գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի, ստացած բուժօգնության և հնարավոր վերադարձի մասին: