Վեհափառն ու Հայ Առաքելական եկեղեցին շատ լուրջ աջակցություն ունեն. Կարեն Քոչարյան

14 Հունվարի 2026, 19:30

Քաղաքականություն

Թեհրանում այնպիսի պատկերացում է ձևավորվում, թե Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործունեության կենտրոնը։ Այս մասին այսօր հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրգոլամին։ Այս և այլ թեմաների շուրջ Alpha News-ը զրուցել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ:

«Մեր չորս հարևանից երկուսն, առնվազն եթե թշնամական չեն, համենայն դեպս բարեկամ էլ չեն, որովհետև բարեկամը չի ասում՝ «չկա Սևան, կա Գյոլչա, չկա Երևան, կա Իրևան»։ Էլ չեմ ասում, որ այսօր էլ Ալիևը հայտարարել է՝ իբր «Զանգեզուրի միջանցքն» արդեն իրականություն է»,- նկատել է փորձագետը:

Ինչ վերաբերում է եկեղեցու մասով Փաշինյանի գործողություններին, Քոչարյանի խոսքով՝ Փաշինյանի հետևից շատերը չեն գնում, որովհետև աստվածավախ են:

«Վեհափառն ու Հայ Առաքելական եկեղեցին շատ լուրջ աջակցություն ունեն: Նիկոլ Փաշինյանն ինքն էլ փորձում է գտնել ելք՝ ինչպես շարունակի հակաեկեղեցական արշավը: Դրա համար տարբեր բաներ է փորձում՝ տարբեր եկեղեցիներում: Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ հիմա 2018-ի հոկտեմբերը չէ, երբ մի կոչով Բաղրամյան փողոցը կարող է լցվել: Նրա խոսքին շատ քչերն են հետևում․ մի մասը՝ աստվածավախությունից ելնելով, չեն հետևում, մյուս մասը՝ միգուցե իրենց իսկ խղճի դեմ չգնալու համար, որովհետև բոլորն էլ ամուսնացել են եկեղեցիներում, իրենց երեխաներին են կնքելլ»,- ասել է մեր զրուցակիցը:

Կարեն Քոչարյանը խոսել է նաև այն մասին, թե ինչպես է Արամ Սարգսյանը համբուրել Վեհափառի աջն՝ իր հոր հոգեհանգստի արարողության ժամանակ:

«Չեմ ուզում մտնել մատանու ու մատի արանքը, թող Արամ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը հասկանան, թե ում աջն է համբուրել Արամ Սարգսյանը»,- եզրափակել է քաղտեխնոլոգը:

Մանրամասները՝ տեսանյութում: