Ի՞նչ նպատակներ է հետապնդում Բաքուն․ ռուս ռազմական փորձագետը՝ Հայաստանի դեմ վերջին սադրանքների մասին

Հայաստանի հետ սահմանին վերջին սրմամբ Ադրբեջանը ճնշում է գործադրում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը։ Նա դա որակեց որպես սահմանային հերթական բախում, որը ժամանակ առ ժամանակ տեղի է ունենում և Երևանի վրա ճնշման միջոց է:

Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանին ամենից շատ հետաքրքրում է դեպի Նախիջևան այսպես կոչված միջանցքի բացումը։ Փորձագետը պարզաբանեց, որ Ադրբեջանը փորձում է հասնել նրան, որ հեշտացվի մուտքը Նախիջևան և այն միացնի Ադրբեջանի հիմնական մասի հետ:

«Ինչ-որ առումով դա հետաքրքիր է նաև Թուրքիային, բայց առաջին հերթին դա ուզում է Բաքուն։ Բացի այդ, Բաքուն փորձում է Հայաստանին ցույց տալ, որ նա միայնակ է։ Եվ Ադրբեջանը դա արդեն ապացուցել է՝ ցույց տալով, որ անում է գրեթե այն ամենն, ինչ ուզում է։

Առնվազն նման տպավորություն է ստեղծում, քանի որ այսօրվա դրությամբ բոլոր հաղթաթղթերը հենց Բաքվի ձեռքում են, որն առաջնորդվում է «կարող ես՝ արա» սկզբունքով»,- նշեց Ֆելգենգաուերը։

Նա կարծում է, որ Ռուսաստանի համար ամենակարևորն այն է, որ Հարավային Կովկասում հիմա ոչինչ չպայթի, քանի որ Մոսկվան հիմա ժամանակ չունի այդ տարածաշրջանի համար։

«Ռուսաստանի համար կարևոր է, որ այնտեղ հանգիստ լինի, և Հարավային Կովկասի բոլոր երեք հանրապետություններում տիրի Մոսկվայի նկատմամբ համեմատաբար բարեկամական վերաբերմունքը»,- հավելեց ռազմական փորձագետը:    

Հիշեցնենք՝ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները երեկ ժամը 06.00-ից հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 վիրավոր: Ժամը 11:00-13:00-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Սոթքի հատվածում որոշակի պարբերականությամբ խախտել են հրադադարի ռեժիմը: