Եթե եկեղեցին թուլանա, կկործանվի նաև մեր ազգը․ «Ժողովուրդն է խոսում»
17 Հունվարի 2026, 11:00
«Ժողովուրդն է խոսում». Alpha News-ի այս նախագծի շրջանակներում հարցախույզ ենք անցկացրել մայրաքաղաք Երևանում և ԱՄՆ-ի, Ռուսաստանի հայաշատ համայնքներում՝ պարզելու քաղաքացիների կարծիքը վերջին շրջանի կարևորագույն թեմաների շուրջ։
Հարցախույզի մասնակիցներից մեկի խոսքով՝ Փաշինյանն ու իր թիմը կարծես թուրքական ազդեցության գործակալներ լինեն, և ամեն ինչ անում են ադրբեջանական ու թուրքական իշխանությունների թելադրանքով։
«Այո, տեսականորեն, իհարկե, հնարավոր է, բայց եթե միայն երկու երկրներն էլ պատրաստ լինեն գալ ճիշտ լուծումների, կարողանան պայմանավորվել և, ամենակարևորը, հարգեն ձեռք բերված պայմանավորվածությունները»,- նշել է հարցախույզի մասնակիցներից մեկն՝ անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։
«Հարևանների հետ, իհարկե, կարելի է համագործակցել, բայց հավասար հարաբերությունների և փոխադարձ հարգանքի պայմանով։ Թուրքիայի և Ադրբեջանի հետ կարելի է վարել քաղաքական երկխոսություն, բայց ոչ այն ոճով, որով հիմա անում են Հայաստանի իշխանությունները»,-ընդգծել է քաղաքացին։
Պատասխանելով Հայաստանի անվտանգությանը վերաբերող հարցին՝ քաղաքացիները դժգոհություն և կասկած են հայտնել առ այն, որ երկիրը կարող է պահպանվել։
«Հիմա տեղի է ունենում ազգի և պետության տոտալ քայքայում։ Հայաստանի ներկայիս իշխանությունները վարում են միակողմանի զիջումների քաղաքականություն»,- շեշտել է հարցախույզի մասնակիցներից մեկն ու հավելել, որ Հայաստանի սահմանների անվտանգությունը կարող է ապահովել միայն ուժեղ բանակը։
Անդրադառնալով Հայ Առաքելական եկեղեցու դեմ ուղղված իշխանությունների արշավին՝ քաղաքացիների մեծ մասն ընդգծել է, որ դա անթույլատրելի է, քանի որ քանդում է հայ ազգի հիմքերը և հարվածում հոգևոր ինքնիշխանությանը։
«Եկեղեցին կարող է լուծել իր ներքին հարցերը, աշխարհիկ անձինք իրավունք չունեն միջամտելու եկեղեցու ներքին գործերին։ Չլինելով եկեղեցու հետևորդ՝ այնուամենայնիվ կարծում եմ, որ Փաշինյանն անցել է բոլոր սահմանները»,- նկատել է հարցախույզի մասնակիցներից մեկը։
Քաղաքացիները հանդես են եկել նաև ի պաշտպանություն ազգային բարերար և գործարար Սամվել Կարապետյանի՝ նշելով, որ Հայաստանի իշխանությունների գործողություններն անընդունելի են։
«Սա բացահայտ անարդարություն է։ Ի՞նչ վատ բան է նա արել։ Մեզնից յուրաքանչյուրը կարող է ասել, որ սատարում է եկեղեցուն։ Հայերը բոլորն էլ հավատացյալ են, մենք հավատացյալ ժողովուրդ ենք։ Մեր եկեղեցին դարեր շարունակ բոլոր հայերին միավորել է։ Փաշինյանին հանձնարարված է քանդել եկեղեցին, և եթե այն քանդվի, կկործանվի նաև մեր ողջ ազգը»,-եզրափակել է քաղաքացին։