«Թրամփի ուղին» կոչված է ապահովելու ԱՄՆ-ի, այլ ոչ թե Թուրքիայի աշխարհաքաղաքական շահերը. Դենիս Դենիսով

17 Հունվարի 2026, 00:00

Կարծիք | Քաղաքականություն

Քաղաքագետ, ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի փորձագետ Դենիս Դենիսովը Alpha News-ին տված հարցազրույցում խոսել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) համագործակցության շրջանակային համաձայնագրի, Իրանում տեղի ունեցող իրադարձությունների, ինչպես նաև Վենեսուելայի դեմ ԱՄՆ գործողությունների մասին։

«Ելնելով նրանից, որ տվյալ համաձայնագիրը ստորագրվում է 49 տարով, ընդ որում՝ ևս 50 տարով երկարաձգման հնարավորությամբ, դժվար թե սպասելի լինի, որ ամերիկացի ներդրողները հենց այնպես կցանկանան ինչ-որ ժամանակահատվածում այս նախագիծը փոխանցել որևէ երրորդ կողմի՝ լինի դա Հյուսիսատլանտյան դաշինքի գործընկեր, ինչպիսին Թուրքիան է, թե գործընկեր, ինչպիսին Ադրբեջանն է։ Ուստի ես մեծապես կասկածում եմ, որ այդ երկրներում իրականում դիտարկում են այն հնարավորությունը, թե ԱՄՆ-ը կգա, կխաղա, իսկ հետո նախագիծը կհանձնի նրանց՝ իրենց ռազմավարական նպատակների ու խնդիրների համար։

Ըստ էության, այս նախագիծը կոչված է առաջին հերթին օգուտներ բերելու և ապահովելու ԱՄՆ-ի, այլ ոչ թե Թուրքիայի կամ Ադրբեջանի աշխարհաքաղաքական շահերը»,- կարծում է քաղաքագետը:

Դենիս Դենիսովը տարածաշրջանում Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունների մեջ տեսնում է սեփական երկրների ներսում էլեկտորատին դուր գալու ցանկություն։

«Կարծում եմ՝ այն, ինչ այժմ հետաքրքիր է այս նախագծի շուրջ, թերևս խորհրդանշական բովանդակությունն է։ Այն մեկնաբանությունները, որոնք տրվում են և՛ Ադրբեջանում, և՛ Թուրքիայում, կարծում եմ, ավելի շատ հաշվարկված են ներքին լսարանի համար՝ ներկայացնելու այն որպես աշխարհաքաղաքական գաղափարների ու նախագծերի իրականացում կամ իրականացման շարունակություն, որոնք նրանք փորձում են կյանքի կոչել տվյալ տարածաշրջանում»,- ընդգծել է Դենիսովը։

Հիմա եթերում