Թրամփը սպառնացել է երկրի երեսից ջնջել Իրանը, «եթե որևէ բան պատահի»
21 Հունվարի 2026, 11:25
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Իրանին՝ խոստանալով երկրի երեսից ջնջել ողջ պետությունը, եթե իր կյանքին վտանգ սպառնա, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Նրանք չպետք է այդպես վարվեն, բայց ես զգուշացրել եմ՝ եթե որևէ բան պատահի, ողջ երկիրը կջնջվի: Ես շատ հստակ հրահանգներ ունեմ՝ հենց մի բան պատահի, նրանք կջնջվեն երկրի երեսից»,-ասել է նա՝ մեկնաբանելով NewsNation հեռուստաալիքի հաղորդավարի այն պնդումը, թե Իրանը սպառնում է Թրամփին։
ԱՄՆ նախագահը մեղադրել է նախկին նախագահ Ջո Բայդենին Թեհրանի նկատմամբ ոչ բավարար կոշտ քաղաքականություն վարելու մեջ։ «Մենք միշտ զարմանում էինք՝ ինչո՞ւ Բայդենը ոչինչ չի ասում։ Եթե ես այն ժամանակ լինեի Սպիտակ տանը, և նրանք սպառնային որևէ մեկին՝ նույնիսկ ոչ նախագահին, այլ պարզապես որևէ մեկին, ինչպես դա եղավ իմ դեպքում, ես հաստատ նրանց շատ ուժեղ հարված կհասցնեի»,-հայտարարել է նա։
Անցյալ շաբաթ Իրանի Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել էր, որ Իրանը պատրաստ է Թրամփին «անմոռանալի դաս» տալ, եթե նա իսլամական հանրապետության վրա հարձակվելու որոշում կայացնի։