ՀԱԵ-ն երկու հայց է ներկայացրել ընդդեմ Ստեփան Ասատրյանի
23 Հունվարի 2026, 11:30
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին երկու հայցադիմում է ներկարացրել դատարան՝ ընդդեմ կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանի՝ սեփականության իրավունքով եկեղեցուն պատկանող գույքը վերադարձնելու պահանջով։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանին միացած և Մայր Աթոռի դեմ դուրս եկած նախկին հոգևորականը ոչ միայն շարունակում է կեղծ պատարագներ մատուցել՝ դուրս չգալով Հովհաննավանքից և թույլ չտալով, որ Հովհաննավանք մուտք գործեն օծյալ քահանաները, այլև չի վերադարձնում Վեհափառի տրամադրած գույքը։ Այժմ, եկեղեցին դատական կարգով է ցանկանում վերադարձնել իրեն պատկանող գույքը։
Հայցերից մեկով ՀԱԵ-ն՝ պահանջում է պարտավորեցնել Ստեփան Արտակի Ասատրյանին՝ հետ վերադարձնել Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող ք․Երևան, Շենգավիթ, Արշակունյաց պողոտա 54/3 շենք, 18 բնակարանը (այդ թվում՝ Բնակարանի բանալիները)՝ վտարելով Ստեփան Արտակի Ասատրյանին և իր հետ բնակվող անձանց նշված բնակարանից։ Ինչպես նաև Ստեփան Ասատրյանից հօգուտ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու բռնագանձել դատական ծախսերը, այդ թվում՝ նախապես վճարված պետական տուրքի գումարը։ Այս հայտը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ռուբեն Բունիաթյանին։
Երկրորդ հայցադիմումով ՀԱՍԵ-ն պահանջում է պարտավորեցնել Ստեփան Ասատրյանին՝ հետ վերադարձնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Օհանավան գյուղի Հովհաննավանքի եկեղեցին, այդ թվում՝ Եկեղեցու բանալիները՝ արգելելով Ստեփան Ասատրյանին մուտք գործել Հովհաննավանքի եկեղեցու հետևյալ հատվածները՝ Սուրբ Խորան, ավանդատուն և ատյան։ Բացի այդ՝ Ստեփան Ասատրյանից հօգուտ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բռնագանձել դատական ծախսերը, այդ թվում՝ նախապես վճարված պետական տուրքի գումարը։Կից ներկայացվում է նաև պետական տուրքի վճարման ծածկագիրը, ինչպես նաև հայցադիմումը պատասխանողին ուղարկելու փաստը հաստատող փոստային անդորրագիրը: Այս հայցը մակագրվել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանուկ Մարգարյանին։ Հայցերի՝ վարույթ ընդունման մասին տեղեկություն դեռևս առկա չէ։