Էներգետիկ համակարգերի միացումը կարող է լուրջ խթան դառնալ Հայաստանի համար. Արա Մարջանյան

23 Հունվարի 2026, 18:00

Քաղաքականություն

Հայաստանի էներգետիկ համակարգերի հնարավոր համակցումը հարևան երկրների հետ ենթադրում է լայնածավալ տեխնիկական աշխատանքներ և միջնաժամկետ ծրագրերի իրականացում։ AlphaNews-ի հետ զրույցում այս մասին հայտարարել է էներգետիկ փորձագետ Արա Մարջանյանն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարություններին, թե Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերը կմիանան։

«Էներգետիկ համակարգերի ֆիզիկական միացումը նշանակում է բարձրավոլտ էլեկտրահաղորդման օդային գծերի վերաթողարկում կամ նորերի կառուցում, ինչպես նաև գործող ենթակայանների արդիականացում կամ նոր ենթակայանների կառուցում, որոնք կսնուցեն այդ գծերը։ Այս բոլոր աշխատանքների ընդհանուր տևողությունը կարելի է գնահատել մոտավորապես 1,5-2 տարի»,- նշել է Մարջանյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի էլեկտրաէներգետիկ ցանցերը տասնամյակներ շարունակ գործել են զուգահեռ ռեժիմով, ինչը բարձրացրել է համակարգերի արդյունավետությունը, կառավարելիությունը և էլեկտրամատակարարման հուսալիությունը։

«Այդ համակարգը փլուզվեց Խորհրդային Միության հետ միասին, և ներկայումս մենք տեսնում ենք, որ նախկին միասնական համակարգից մնացել են առանձին գործող էլեմենտներ։ Այսօր զուգահեռ աշխատանքի մեջ են Հայաստանի և Վրաստանի էլեկտրական ցանցերը»,- նշել է նա։

Մարջանյանի համոզմամբ՝ եթե իրականություն դառնա նաև Հայաստանի և Ադրբեջանի էլեկտրաէներգետիկ ցանցերի համակցումը, դա կարող է Հայաստանի համար ստեղծել լուրջ խթաններ։ Նա նաև ընդգծել է, որ էներգետիկ արդյունաբերությունում էլեկտրաէներգետիկան այն բացառիկ ենթաոլորտն է, որտեղ Հայաստանն ունի ակնհայտ առավելություններ իր հարևանների համեմատ։