Իրանի ուղղությամբ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հավանականությունը բավականին մեծ է. Իրինա Ֆյոդորովա

26 Հունվարի 2026, 21:45

Քաղաքականություն

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Մերձավոր և Միջին Արևելքի երկրների ուսումնասիրության կենտրոնի ավագ գիտաշխատող Իրինա Ֆյոդորովան Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը:

Փորձագետի խոսքով՝ Իրանին հարվածելու հավանականությունը բավականին մեծ է, սակայն դրա նպատակն ավելի շուտ ճնշում գործադրելն է, քան երկրում վարչակարգի փոփոխությունը։

«Կարծում եմ՝ Իսրայելի և Միացյալ Նահանգների ծրագրերի մասին գիտեն միայն Վաշինգտոնում և Թել Ավիվում։ Սակայն տեղի ունեցող իրադարձություններից կարող ենք ենթադրել, որ հարված հասցնելու հավանականությունը բավականին մեծ է, քանի որ բոլորս գիտենք՝ եթե հրացանը կախված է պատից, ապա վաղ թե ուշ այն կարող է կրակել։

Թե որքանով դա կօգնի Իրանում վարչակարգ փոխել, հարց է։ Կարծում եմ, որ հարվածները գուցե հենց այդ նպատակով էլ հասցվեն, սակայն արտաքին ուժերի ցանկացած հարձակում կարող է հանգեցնել Իրանի ժողովրդի համախմբմանը գործող իշխանության շուրջ։

Մյուս կողմից, կարծում եմ, տարածաշրջանում ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի ուժերի կենտրոնացումը կարող ենք դիտարկել որպես բանակցային գործընթացում Իրանի վրա ճնշում գործադրելու փորձ։ Այսինքն՝ նրան դրդել զիջումների Միացյալ Նահանգների ներկայացրած պահանջների և վերջնագրի շրջանակներում։ Խոսքը մասնավորապես հետևյալի մասին է՝ Իրանի տարածքում ուրանի հարստացման գործընթացի զրոյացում, արդեն իսկ հարստացված ուրանի դուրսբերում երկրի տարածքից, հրթիռային զինանոցի կրճատում (մինչև 300 կմ հեռահարությամբ հրթիռների պահպանմամբ) և, իհարկե, Մերձավոր ու Միջին Արևելքում իր «պրոքսի» ուժերին Իրանի կողմից ցուցաբերվող լիակատար աջակցության դադարեցում»,-նշել է Ֆյոդորովան: