Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը բանակի օրվա առիթով

28 Հունվարի 2026, 10:20

Քաղաքականություն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրական Մեր սերը և Հայրապետական օրհնությունն ենք բերում Հայոց բանակի սպաներին ու զինվորներին և համայն մեր ժողովրդին՝ Բանակի օրվա առիթով։

Նորանկախ մեր պետականության ձևավորման տարիներին ծնունդ առած մեր բանակը իր առաքելության մեջ հատկանշվել է արդարության ու ազատության համար անվեհեր պայքարով: Հայոց բանակը մեր պետականության հիմնասյուներից է՝ կոչված ապահովելու խաղաղությունը մեր երկրի և անվտանգությունը մեր ժողովրդի։ Ադրբեջանի կողմից սանձազերծված Արցախի բռնազավթման պատերազմի ընթացքում մեր բանակի մարտիկները անվեհեր պայքար մղեցին, նահատակվեցին բազում հայորդիներ։ Նրանց հերոսական սխրագործությունները մշտապես ոգեշնչելու են մեր զորականներին իրենց նվիրյալ ծառայության մեջ։