Ռելոկանտները վաղը կարող են գնալ՝ տնտեսությունը թողնելով «դեպրեսիվ» վիճակում. Աշոտ Բարսեղյան
03 Օգոստոսի 2023, 18:10
Հայաստանի Հանրապետությունը կես տարվա ընթացքում 1 մլն զբոսաշրջիկ է ընդունել: Այս թիվը 30 տոկոսով ավելի է, քան 2019 թվականի ցուցանիշը: Այդ տարի Հայաստան էր այցելել 1 մլն 894 հազար 377 զբոսաշրջիկ: Հայաստանում հատկապես համավարակից հետո արձանագրվող զբոսաշրջության աճը ոլորտի մասնագետներից ոչ բոլորին է ոգևորում: Պետության քայլերը՝ գերակա ոլորտը իրապես գերակա դարձնելու, մասնագետները չեն տեսնում:
Alpha News-ի հետ զրույցում «Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ նախագահ Աշոտ Բարսեղյանի խոսքով՝ թեպետ Հայաստան են ժամանում բազմաթիվ ռուսներ, այնուամենայնիվ, ռելոկացիան և զբոսաշրջությունը պետք է իրարից տարբերել: Նա ընդգծում է՝ կառավարությունը կարող էր այնպես անել, որ հատկապես այս երկու տարիներին, ռելոկատների ֆոնին Հայաստանում զարգանար բուն զբոսաշրջությունը:
«Հայաստանի Հանրապետությունը գտնվում է ունիկալ վիճակում: Ռուսաստանի Դաշնությունից դեպի Հայաստան ամենանախընտրելի երկու ուղղություններից մեկն է»: Հաջորդ նախընտրելի ուղղությունը, ըստ Բարսեղյանի, Վրաստանի Հանրապետությունն է:
«Զբոսաշրջության պատասխանատուները կարող էին այնպես անել, որ հոսքը դեպի Հայաստան լիներ մի քանի անգամ ավելի մեծ: Դրա էֆեկտն ավելի երկարատև կարող էր լինել, քան ռելոկանտների ազդեցությունը մեր տնտեսության վրա»,- բացատրում է Աշոտ Բարսեղյանը:
Նա նշում է,որ ռելոկանտները ինչպես եկել են, այնպես էլ, վաղը կարող են գնալ՝ մեր տնտեսությունը թողնելով «դեպրեսիվ» վիճակում: Աշոտ Բարսեղյանի խոսքով՝ Հայաստանին անհրաժեշտ է տարեկան ընդունել 1-2 մլն տուրիստ, որպեսզի մեր տնտեսությունը դառնա կայուն:
«Հայաստանը չի կարող Վրաստանի նման 10-ը միլիոն տուրիստ ընդունել, բայց կարող է ընդունել 1-2 մլն, դա է մեր պոտենցիալը, որը չի օգտագործվում»,- ընդգծում է նա:
Բարսեղյանի խոսքով՝ գաստրոտուրիզմը Հայաստանում մեծ հեռանկար ունի, բայց պետությունը այդ առումով լուրջ քայլեր չի ձեռնարկում: Նա կարևորում է հատկապես գինու տուրիզմը, որն ըստ Բարսեղյանի, Հայաստանում բավականին զարգացած է: «Սակրալ տուրիզմը»՝ վանքեր եկեղեցիներ այցելությունները, ևս մեծ հետաքրքրություն ունեն:
«Շատ կարևոր է պետության մասնակցությունը, որը ես՝ որպես ոլորտի ներկայացուցիչ և մասնագետ, չեմ տեսնում»,- վրդովմունք է հայտնում Բարսեղյանը:
Զբոսաշրջությունն ու հարակից ոլորտները Հայաստանում ինքնաբերաբար են զարգանում՝ պայմանավորված ռելոկանտների և տուրիստների մեծ հոսքով: Ինչ-որ ծրագրեր պետությունը կազմակերպում է, սակայն դրանք թերի են, և ստանում են հիմնականում մասնակի ֆինանսավորում: Պետությունը, ըստ Աշոտ Բարսեղյանի, ոչ մի կերպ հակված չի ներգրավելու ոլորտային մասնագետների և ավելի շատ դիտորդի դերում է:
«Չկա համակարգված մոտեցում, չկա զբոսաշրջության զարգացման ինտենսիվ ճանապարհ»,- ասում է «Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ նախագահ Աշոտ Բարսեղյանը և հավելում՝ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության ներկայացրած տուրիստական ծրագիրը թիրախային չէ: