Հովնան եպիսկոպոս Հակոբյանի և Մակար եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ կարող է խափանման միջոց ընտրվել․ փաստաբան

31 Հունվարի 2026, 16:21

Քաղաքականություն

Այսօր ՀՀ քննչական կոմիտե են կանչվել Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանը և տեր Մովսես քահանան։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է փաստաբան Արմինե Ֆանյանը։

«Հովնան սրբազանը, Մակար սրբազանը և տեր Մովսես քահանան այս պահին գտնվում են ՀՀ քննչական կոմիտեում։ Նրանցից 2-ը՝ Հովնան սրբազանը և Մակար սրբազանը, կանչվել են մեղադրյալի կարգավիճակով»,– ասաց Ֆանյանը։

Նա հաստատեց, որ իր պաշտպանյալները քննչական կոմիտե են կանչվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման (Գևորգ) Սարոյանի «գործով»։

Իրավաբանը կարծում է, որ այսօրվա հարցաքննությունից հետո նրանց նկատմամբ խափանման միջոց կընտրվի։

Փաստաբան Արա Զոհրաբյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ այսօր առավոտվանից ոստիկանության միջոցով ծանուցագրեր են հանձնվում Գերագույն հոգևոր խորհրդի եպիսկոպոս անդամներին որպես մեղադրյալ այսօր Քննչական կոմիտե ներկայանալու համար: