ԵԱՏՄ-ում սեպտեմբերի 1-ից կգործարկվի ապրանքների հետագծելիության համակարգ
31 Հունվարի 2026, 17:20
Եվրասիական տնտեսական միությունում ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ից գործարկվելու է ապրանքների հետագծելիության համակարգը։ Մշտական հիմունքներով հետագծելի կլինեն կենցաղային սառնարաններն ու սառցարանները, լվացքի մեքենաները՝ կենցաղային կամ լվացքատների համար նախատեսված, ինչպես նաև հեռուստատեսային կապի ընդունիչ սարքավորումները, որոնք կարող են ներառել կամ չներառել ռադիոընդունիչ, ձայնի կամ պատկերների ձայնագրման և վերարտադրման սարքավորումներ:
Ապրանքների ցանկը հաստատվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից։
«Մենք ձևավորում ենք բիզնեսի համար միասնական և թափանցիկ միջավայր, որտեղ բարեխիղճ ձեռնարկատերերը գործում են արդար մրցակցային պայմաններում։ Սպառողների համար սա, առաջին հերթին, գնվող արտադրանքի որակի և անվտանգության երաշխիք է։ Համակարգը հնարավորություն կտա արդյունավետորեն պայքարել «մոխրագույն» արտադրանքի դեմ և ամրապնդել ամբողջ Միության տնտեսական անվտանգությունը։
Մենք սկսում ենք կենցաղային տեխնիկայի առանցքային կատեգորիաներից և նախատեսում ենք ընդլայնել այս ցանկը՝ մեր ընդհանուր շուկան դարձնելով առավել կարգավորված և կանխատեսելի»,- ասել է Միության տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովը։