Ինձ ՔԿ են կանչել որպես մեղադրյալ․ տեր Մովսես քահանա
31 Հունվարի 2026, 17:41
Փաստաբան Արա Զոհրաբյանը տեղեկացրել էր, որ այսօր առավոտվանից ոստիկանության միջոցով ծանուցագրեր են հանձնվում Գերագույն հոգևոր խորհրդի եպիսկոպոս անդամներին որպես մեղադրյալ այսօր Քննչական կոմիտե ներկայանալու համար: ՔԿ էին կանչվել Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանը և տեր Մովսես քահանան։
Փաստաբան Արմինե Ֆանյանը հայտնել էր, որ իր պաշտպանյալները քննչական կոմիտե են կանչվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման (Գևորգ) Սարոյանի «գործով»։
Հարցաքննությունից հետո Մովսես քահանա Սահակյանը լրագրողներին հայտնել է, որ իրեն որպես մեղադրյալ են կանչել, և այլ մանրամասներ չի կարող հայտնել, քանի որ նախաքննական գաղտնիք է։
«Որպես քարտուղար ես արձանագրումներ եմ անում ու կազմակերպչական հարցերով զբաղվում, բայց որոշումներ կայացնող մարմին չեմ ու կապ չունեմ այդ ամենի հետ։ Իմ ձայնն այնտեղ չի լսվում, ժողովներին ես չեմ խոսում»,– ասել է նա։
Armenian Sputnik-ի հարցին՝ արդյոք ճնշումների հետևանքով ճամբար կփոխի՞, վստահեցրել է՝ երբեք նման բան չի լինի, նույնիսկ եթե իրեն կալանավորեն։