Կանադահայ համայնքը իշխանությունների կողմից եկեղեցու թիրախավորումը դիտարկում է որպես հաշվարկված քայլ. Սևակ Բելյան

03 Փետրվարի 2026, 22:30

Քաղաքականություն

Հայաստանում ներքաղաքական վերջին զարգացումները, մասնավորապես՝ Հայ Առաքելական եկեղեցու դեմ իշխանությունների վարած քաղաքականությունը, լուրջ մտահոգություն են առաջացրել Սփյուռքում։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ Կանադայի Հայ դատի պատասխանատու Սևակ Բելյանը։

Նա նշել է, որ անկախ առօրյա գործունեությունից՝ կանադահայ համայնքը ուշադրությամբ հետևում է հայրենիքում տեղի ունեցող բոլոր գործընթացներին և դրանք դիտարկում է Հայաստանի առջև ծառացած ավելի լայն ու համակարգային խնդիրների համատեքստում։

«Այն, ինչ այսօր տեղի է ունենում, հատկապես Հայաստանյաց Առաքելական եկեղեցու շուրջ, առանձին հարց չէ։ Գործող իշխանությունների կողմից դա պետք է դիտարկել որպես կանխամտածված և հաշվարկված քաղաքական քայլ, որի նպատակն առաջիկա ընտրությունների ֆոնին ներքին դաշտում դիրքերի կոնսոլիդացումն է»,- նշել է նա։

Սևակ Բելյանի գնահատմամբ՝ եկեղեցին այսօր այն եզակի ազգային հաստատությունն է, որը շարունակում է պաշտպանել ազգային արժեքները և ազգային ինքնության ավանդական ընկալումները՝ միաժամանակ վայելելով բարձր հանրային վստահություն։

«Հենց այդ պատճառով էլ եկեղեցին դառնում է իշխանությունների թիրախ։ Սա Սփյուռքում, մասնավորապես՝ Կանադայում, միանշանակ դատապարտվում է»,- ընդգծել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում: