FOREF Europe-ը դատապարտել է իշխանությունների միջամտությունը եկեղեցու գործերին և կապելանների ինստիտուտի լուծարումը

03 Փետրվարի 2026, 22:50

Քաղաքականություն

Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «FOREF Europe» կազմակերպությունը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունների միջամտությունը Հայ Առաքելական Եկեղեցու գործերին սպառնում է երկրի ազգային ինքնությանը։ Կազմակերպությունը կտրուկ դատապարտել է կառավարության քայլերը՝ դրանք բնութագրելով ագրեսիվ և կրոնական ազատության լուրջ խախտում այն երկրում, որը դեռ 301 թվականին առաջինն է աշխարհում ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն։

Մասնավորապես, խոսքը վերաբերում է պաշտպանության նախարարի որոշմանը՝ լուծարելու զինվորական կապելանների ինստիտուտը, եպիսկոպոսներին՝ Եպիսկոպոսաց ժողովին մասնակցելու նպատակով երկրից դուրս գալու արգելքին, ինչպես նաև բարձրաստիճան հոգևորականների կալանքին։

«Նման գործողությունները, հատկապես երբ դրանք ուղղված են Հայ Առաքելական Եկեղեցու դեմ, անընդունելի են թե՛ իրավական, թե՛ քաղաքական, թե՛ բարոյական տեսանկյունից։ Դրանք վնաս են հասցնում ոչ միայն Եկեղեցուն, այլև ողջ ժողովրդին և պետությանը», — ընդգծել է «FOREF»-ի եվրոպական բաժնի նախագահ, Եվրահանձնաժողովի նախկին անդամ Յան Ֆիգելը։