Արման Թաթոյանը դասախոսությամբ հանդես կգա ԱՄՆ-ի Կոլումբիայի համալսարանում

05 Փետրվարի 2026, 15:58

Քաղաքականություն

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը դասախոսությամբ հանդես կգա ԱՄՆ-ի Կոլումբիայի համալսարանում։

«Արդարադատությունը գործնականում. հեռանկարները և սահմանները միջազգային դատարաններում» թեմայով իր ելույթում Արման Թաթոյանը կանդրադառնա միջազգային դատական մարմինների, մասնավորապես՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, Արդարադատության միջազգային դատարանի և Միջազգային քրեական դատարանի դերին՝ մարդու իրավունքների խախտումներին արձագանքելու գործում:

Նա կքննարկի, թե որքանով է արդարադատությունը հասանելի այն դեպքերում, երբ գործերը առնչվում են պետությունների քաղաքական շահերին, կներկայացնի դատավճիռների կատարման մեխանիզմները և կվերլուծի յուրաքանչյուր դատարանի կոնկրետ լիազորությունները։

Քննարկման առանցքում կլինեն մարդու իրավունքների ծանր խախտումները՝ ներառյալ ցեղասպանությունը, պատերազմական հանցագործությունները և մարդկության դեմ ուղղված հանցագործությունները։

Արման Թաթոյանը կներկայացնի նաև «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» և «Արցախ» գործերը։

Ավելի վաղ Արման Թաթոյանը ուղերձ է հղել ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսին՝ Հայաստան նախատեսված նրա այցի առիթով։

Ուղերձում մասնավորապես ասվում է․ «Հայաստան կատարելիք առաջիկա այցի ժամանակ Ձեզ գուցե շատ բան կպատմեն, բայց ոչ այն առաջնային խնդիրների մասին, որոնք հուզում են մեր հասարակությանն իրապես։

Մեծ հարգանքով Ձեր նկատմամբ՝ ուզում եմ հիշեցնել՝

  • Ադրբեջանում անօրինական պահվող հայ գերիների և պատանդների, նրանց խոշտանգումների մասին։ Նրանք քրիստոնյաներ են, որոնց միակ «հանցանքը» նրանց հավատն ու ազգային ծագումն է։
  • Ադրբեջանը 2021 թվականից նաև օկուպացրել է Հայաստանի ավելի քան 200 քառ․ կմ տարածք, որի պատճառով մեր սահմանային բնակչությունը մշտական անհանգստության մեջ է, իսկ անվտանգությունը՝ խաթարված։
  • Մեր թիմն ունի նաև ապացույցներ՝ 2023 թվականի սեպտեմբերին Արցախի (Լեռնային Ղարաբաղ) նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի իրականացրած էթնիկ զտումների վերաբերյալ, որի հետևանքով ընդամենը մի քանի օրում իրենց դարավոր հայրենիքից բռնի տեղահանվեց 120,000 մարդ»: