Արցախի ղեկավարների Բաքվում հայտնվելը ՀՀ իշխանությունների քաղաքականության հետևանք է․Վիգեն Հակոբյան
05 Փետրվարի 2026, 20:00
Բաքվի ռազմական դատարանում ավարտվել է ԼՂ նախկին ռազմաքաղաքական առաջնորդների շինծու գործով դատավարությունը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Բաքվի դատարանը ԼՂ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին դատապարտել է ցմահ ազատազրկման։ Ցմահ ազատազրկման են դատապարտվել նաև ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ԼՂ ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ԼՂ Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ԼՂ ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը։
ԼՂ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը և ԼՂ նախկին նախագահ Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։
Թեմայի վերաբերյալ Alpha News-ի ուղիղ եթերում խոսել ենք քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ։
«Ցավալի փաստ է, բայց 100%-ով կանխատեսելի էր, որ մոտավորապես այսպիսի դատավճիռ պետք է կայացվեր։ Այս պրոցեսն ի սկզբանե քաղաքական էր, և որևէ առնչություն չուներ քրեական գործընթացների հետ։ Ընդ որում՝ քաղաքական պրոցես, որին փաստացի մասնակից են նաև Հայաստանի ղեկավարները, քանի որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության՝ Բաքվի բանտում հայտնվելը Հայաստանի այսօրվա ղեկավարության վարած քաղաքականության հետևանք է»,- նշել է քաղտեխնոլոգը։
Նրա խոսքով՝ Արցախն ընկավ այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը չի ներքաշվելու ուրիշի պատերազմում։
«Միայն դրանից հետո, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը և արցախցիները հասկացան, որ Հայաստանը իրենց, ըստ էության, դավաճանել է։ Իրենք հասկացան, որ աջակցություն չունեն ոչ մի տեղից, աշխարհի ոչ մի կետից։ Դրա համար էլ ստիպված եղան հեռանալ այնտեղից»,- ընդգծել է Հակոբյանը։