Շարունակելու ենք հետևողական ջանքերը՝  ի խնդիր գերեվարված հայորդիների ազատ արձակման. Մայր Աթոռ

05 Փետրվարի 2026, 18:10

Քաղաքականություն

Խորը ցավով տեղեկացանք Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ կայացրած ակնհայտ շինծու դատավճիռների մասին։ Այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։

Հայտարարությունում նաև ասվում է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը վերահաստատում է իր հանձնառությունը՝ աշխարհասփյուռ իր կառույցներով շարունակելու հետևողական ջանքեր գործադրել միջազգային և միջեկեղեցական հարթակներում՝ ի խնդիր գերեվարված հայորդիների ազատ արձակման և Հայրենիք վերադարձի։

Սուրբ Էջմիածինն իր զորակցությունն է հայտնում Արցախի պատանդառված պետական գործիչներին, ռազմագերիներին և նրանց ընտանիքներին»։

Նշենք, որ Բաքվի զինվորական դատարանում ավարտվել է Ղարաբաղի ռազմական և քաղաքական գործիչների նկատմամբ շինծու գործերի քննությունը:

Դատարանը Արայիկ Հարությունյանին, Լևոն Մնացականյանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին և Դավիթ Բաբայանին դատապարտել է ցմահ ազատազրկման:

Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը, տարիքով պայմանավորված, դատապարտվել են 20 տարվա ազատազրկման: