Հովնան Տերտերյանը գնում է Ավստրիա՝ լրտեսություն անելու Փաշինյանի համար․ Հարութ Սասունյան

06 Փետրվարի 2026, 23:30

Քաղաքականություն

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը և Տեր Սերոբ քահանա Ազարյանը Alpha News-ի եթերում անդրադարձել են Ավստրիայում կայանալիք Եպիսկոպոսաց ժողովը խափանելու փորձերին, Հայ առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին, որը միացել էր տիրադավ եպիսկոպոսներին, սակայն հայտարարել է, որ կմասնակցի Եպիսկոպոսաց ժողովին։ Բանախոսները խոսել են նաև ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի տարածաշրջան կատարելիք այցի մասին։

Տեր Սերոբ քահանա Ազարյանն, անդրադառնալով հարցին՝ արդյոք Նիկոլ Փաշինյանին կհաջողվի խոչընդոտել Ավստրիայում նախատեսված Եպիսկոպոսաց ժողովի անցկացումը, ներկայացրել է մանրամասն վերլուծություն։ Նա նշել է, որ իշխանություններն այսօր կիրառում են կեղծ արդարադատության մեխանիզմներ՝ հարուցելով շինծու քրեական գործեր եկեղեցականների նկատմամբ և սահմանափակելով նրանց ելքը երկրից։

«Փաշինյանի պայքարը հիմնականում ուղղված է Հայաստանյաց Առաքելական եկեղեցու դեմ։ Նա իր շահերը լիովին համադրել է Ադրբեջանի շահերին։ Բաքվի նպատակն է՝ Հայաստանում չմնա որևէ ազգային հենասյուն, որը կարողանա դիմադրել իրենց ծրագրերին։ Հիմա, երբ Արցախը հանձնված է, փորձում են պառակտել Սփյուռքը և կործանել Եկեղեցին»,- ընդգծել է Տեր Սերոբը։

Խոսելով Եպիսկոպոսաց ժողովի մասին՝ հոգևորականը շեշտել է, որ նույնիսկ եթե Վեհափառ Հայրապետի կամ այլ եպիսկոպոսների նկատմամբ սահմանափակումներ կիրառվեն, այն տեղի կունենա։

Մյուս բանախոսը՝ Հարութ Սասունյանն, անդրադարձել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի տարածաշրջան կատարելիք այցին։ Ըստ «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագրի՝ Վենսի հանդիպումը Վեհափառ Հայրապետի հետ Էջմիածնում կլինի հզոր պատգամ ողջ աշխարհին։

Ինչ վերաբերում է Բաքվում պահվող հայ գերիներին, Սասունյանը նշել է, որ ՀՀ իշխանությունները ոչ միայն չեն ձեռնարկում քայլեր գերիների վերադարձի ուղղությամբ, այլև նախկինում Թրամփի հետ ունեցած շփումների ընթացքում Փաշինյանը խուսափել է գերիների հարցը ներառել հուշագրերում։

Անդրադառնալով Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան Տերտերյանին՝ խմբագիրն ասել է․ «Նա գնում է Ավստրիա ոչ թե ժողովին մասնակցելու, այլ տեղեկություններ հավաքելու և լրտեսություն անելու համար, որպեսզի նույն օրը տեղեկացնի Փաշինյանին, թե ով ինչ խոսեց, որպեսզի վերջինս որոշի՝ ում դեմ քայլեր ձեռնարկել»։

Բանախոսները միակարծիք են, որ Լոս Անջելեսի հայ համայնքը պետք է երկընտրանքի առաջ կանգնեցնի թեմի առաջնորդին՝ կա՛մ հավատարմություն Մայր Աթոռին, կա՛մ հրաժարական։ Նրանք կոչ են անում համայնքին ավելի ակտիվ լինել, բողոքի ակցիաներ կազմակերպել և ցույց տալ, որ Սփյուռքը թույլ չի տա Եկեղեցու ներքին պառակտումը հանուն քաղաքական շահերի։

Հիմա եթերում