Մեր ընկերությունները մոտ 30 անգամ ավելի շատ հարկ են վճարել․ Նարեկ Կարապետյան

08 Փետրվարի 2026, 11:20

Քաղաքականություն

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը «Շանթ» հեռուստատեսությանը տված հարցազրույցում անդրադարձել է իշխանության կողմից շահարկվող՝ տնտեսվարողներին տրվող արտոնությունների թեմային՝ ասելով․

«Այն ընկերությունները, որոնցում ներդրումներ են կատարվել, մոտ 30 անգամ ավելի շատ հարկ են վճարել, քան ստացել են արտոնությունների տեսքով։ Մենք մանրամասն ուսումնասիրել ենք այդ արտոնությունները և տեսել ենք, որ մեր ընկերությունները դրանցից օգտվել են ընդամենը 10-15 տոկոսով, ինչը շատ փոքր թիվ է։  Հենց այստեղ է թաքնված գործող իշխանության  սխալ քաղաքականության հիմքը։ Նրանք տալիս են միայն մաքսատուրքի արտոնություն,  Հայաստանը վճարում է այդ ծախսերի մոտ 1 տոկոսը, նաև կարող է ինչ-որ սարքավորումների մասով բանկային տոկոսներ վճարվեն, և սպասում են, որ արդյունաբերություն կզարգանա։ Բայց այդպես արդյունաբերություն չի զարգանում։

Որպեսզի արդյունաբերությունը ակտիվ զարգանա, պետք է ստեղծել համապատասխան միջավայր։ Այսօր մեկ գործարան կառուցելու համար անհրաժեշտ է ստանալ 40-50 տարբեր թույլտվություն։ Որպեսզի պատկերացնեք իրավիճակը,  2024–2025 թվականներին Հայաստանում օտարերկրյա  ներդրումները չեն գերազանցել մոտ 130-140 միլիոն դոլարը, մինչդեռ Վրաստանը նույն ժամանակահատվածում ներգրավել է գրեթե 2 միլիարդ դոլարի ուղղակի ներդրում։ Սա վերաբերում է երկրի տնտեսական բոլոր ոլորտներին և հենց սա է պատճառը, որ աղքատությունը Հայաստանում չի նվազում։ Մենք բազմիցս փորձել ենք մեր գործընկերներին բացատրել, որ եթե ուզում են իրենց մարզերը գոնե նվազագույն չափով զարգանան, եթե ուզում են, որ մարդիկ պարզապես աշխատանք ունենան, պետք է վարեն պրոակտիվ տնտեսական քաղաքականություն։ Չի կարելի սահմանափակվել մաքսատուրքի արտոնությամբ  և սպասել, թե ոլորտները կզարգանան»։