Հայաստանը ԱՄՆ-ից ձեռք է բերել V-BAT տեսակի անօդաչու թռչող սարքեր

09 Փետրվարի 2026, 19:51

Քաղաքականություն

Հայաստանի Հանրապետությունը Միացյալ Նահանգներից ձեռք է բերել V-BAT տեսակի անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին Երևանում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ համատեղ հայտարարության ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը շեշտեց, որ այս ձեռքբերումը նշանակալի առաջընթաց է հայ-ամերիկյան ռազմական և պաշտպանական գործընկերության ասպարեզում։

«Հայաստանը ԱՄՆ-ից ձեռք է բերել VBAT տեսակի անօդաչու թռչող սարքեր, որոնց արդյունավետությունը ապացուցվել է կիրառման հարուստ փորձով, և որոնք էականորեն նպաստելու են մեր պաշտպանական կարողությունների ամրապնդմանը»,- նշեց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ ԱՄՆ «Արտաքին ռազմական վաճառք» (Foreign Military Sales) ծրագրի ներքո իրականացված այս գործարքը հիմք կծառայի հետագա համագործակցությունն ընդլայնելու համար։ Բացի դրանից՝ կողմերը կարևորել են պաշտպանական ոլորտում համագործակցության շարունակականությունը, մասնավորապես՝ արդեն երեք տարի անընդմեջ անցկացվող «Արծիվ գործընկեր» (Eagle Partner) զորավարժությունները։

Հիմա եթերում