Մոսկվան մտադիր է շարունակել հանդես գալ որպես ՀՀ-ի էներգետիկ անվտանգության երաշխավոր․ Գալուզին

10 Փետրվարի 2026, 11:10

Քաղաքականություն

Հայաստանում նոր ատոմային էլեկտրակայանի էներգաբլոկի կառուցման համար ռուսական առաջարկներին իրական այլընտրանք չկա: «Իզվեստիա»-ին հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։

«Մենք հայկական կողմին փոխանցել ենք մանրամասն մշակված առաջարկությունների փաթեթ։ «Ռոսատոմ»-ը պատրաստ է հնարավորինս սեղմ ժամկետներում անցնել նախագծի իրականացմանը, իհարկե, հաշվի առնելով հայ գործընկերների ցանկությունները։ Հուսալի, արդեն իսկ ապացուցված տեխնոլոգիաների առկայության, ինչպես նաև ֆինանսական պարամետրերի գրավչության տեսանկյունից, ներառյալ՝ շինարարությունը, հետագա շահագործումը, մասնագետների պատրաստման և վերապատրաստման անհրաժեշտությունը, իրական այլընտրանքներ չկա»,- ընդգծել է դիվանագետը։

Գալուզինի խոսքով՝ Մոսկվան մտադիր է շարունակել հանդես գալ որպես Հայաստանի էներգետիկ անվտանգության երաշխավոր։

«Մեր կողմից մենք մտադիր ենք շարունակելու պատասխանատու կերպով կատարել մեր դերը՝ որպես Հայաստանի էներգետիկ անվտանգության երաշխավոր և նպաստել հանրապետության միջուկային արդյունաբերության զարգացմանը։ Որոշ եվրոպական երկրների, այդ թվում՝ այնպիսի հսկաների, ինչպիսին Գերմանիան է, փորձը ցույց է տալիս, որ միջուկային էներգետիկայից հրաժարվելը կարող է թանկ նստել ազգային տնտեսության վրա»,- հավելել է նա։

Գալուզինը նաև նշել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը խաղաղ ատոմի ոլորտում համագործակցության հարուստ փորձ ունեն։

«Մեր ատոմային մասնագետները նույն՝ խորհրդային դպրոցից են և լավ են հասկանում միմյանց։ Ներկայումս մեր մասնագետները իրականացնում են համալիր աշխատանքներ, որպեսզի կայանը կարողանա կայուն և արդյունավետ գործել մինչև 2036 թվականը։ Վստահ ենք, որ Երևանի ակտիվ աջակցությամբ բոլոր միջոցառումները կավարտվեն ժամանակին», — ասել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը։