Ռուսաստանն ամեն ինչ անում է, որ 2025 թ.-ից հետո էլ մնա Արցախում. Վիգեն Հակոբյան
04 Օգոստոսի 2023, 18:54
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը կարծում է, որ Ռուսաստանը մտադրված չէ խաղաղապահ զորախումբը հանել Արցախից, նույնիսկ 2025 թ.-ից հետո, երբ կլրանա նրանց տեղակայման 5-րդ տարին: Alpha News-ի հետ զրույցում Վիգեն Հակոբյանն ասել է, որ նախադրյալներ չի տեսնում, որ Ռուսաստանը ճամպրուկները կհավաքի ու կգնա:
«Ես այդպիսի նախադրյալներ չեմ տեսնում, որ Ռուսաստանը համարի, որ արցախցիների անվտանգության եւ իրավունքների հարցերը լուծվել են, եւ ժամանակն է ճամպրուկները հավաքել ու գնալ: Դրանք անհիմն խոսակցություններ են, ավելին՝ Ռուսաստանը վերջին շրջանում իր դիրքորոշումը հստակեցրել է եւ, առհասարակ, հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումը պայմանավորվում է նաեւ Արցախյան հիմնախնդրի շուրջ հստակեցումներով՝ առաջին հերթին, հենց բնակչության անվտնագության հարցերը համապարփակ լուծելու խնդրով»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց Վիգեն Հակոբյանը:
Քաղտեխնոլոգը արհեստական է որակում այն քննարկումները, թե որ դեպքում ռուս խաղաղապահները կլքեն Արցախը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 25-ին տված ասուլիսում ներկայացրել էր այն սցենարը, թե որ դեպքում ռուս խաղաղապահները կարող են դուրս գալ Լեռնային Ղարաբաղից: Նա հիշեցրել էր, որ Ռուսաստանի Դաշնային ժողովը նախագահ Վլադիմիր Պուտինին թույլ էր տվել խաղաղապահ զորախումբ գործուղել Արցախ՝ բնակչության զանգվածային սպանդը կանխարգելելու համար:
«Եթե Ռուսաստանը որոշի դուրս գալ Լեռնային Ղարաբաղից, առնվազն, դա նշանակում է, որ այնտեղ զանգվածային սպանդի վտանգ այլեւս չկա: Եթե ԼՂ-ում կա նման վտանգ, դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող է նման որոշում կայացնել»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը:
Այս հայտարարությունից հետո մերձիշխանական շրջանակներից կարծիքներ են հնչում, որ եթե Ռուսաստանը հանի իր խաղաղապահներին Արցախից, ապա Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որ մեր երկրում ռուսական ներկայությունը սահմանափակվի: Կարծիք է հնչում, որ պետք է օրինակ, ռուսական ռազմաբազան ու կապիտալը դուրս բերվեն Հայաստանից, Հայաստանը պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից, ՀԱՊԿ-ից, ԱՊՀ-ից: Սա, ըստ նրանց՝ աղետալի կլինի Հայաստանի համար, բայց այդ վիճակը կտեւի մեկ-երկու տարի, ու հայ ժողովուրդը դա էլ կհաղթահարի: Այդուհանդերձ, չբացառելով աշխարհաքաղաքական այնպիսի իրադարձությունները, որոնք կարող են իրավիճակ փոխել եւ մերձիշխանական շրջանակների նկարագրած սցենարը կարող է իրականանալ, քաղտեխնոլոգը կարծում է, որ դրա հետեւանքները ծանր են լինելու հայկական կողմի համար, ինչպես Արցախի, այնպես էլ՝ Հայաստանի դեպքում:
«Ծայրահեղական հայտարարություններ են արվում, մի կողմից, իբր շանտաժի ենթարկելով ռուսներին, մյուս կողմից էլ՝ Արեւմուտքին ցույց տալով, որ իրենք իրենց գործն անում են: Ես նույնիսկ չեմ էլ ուզում կանխատեսել, թե ինչ կլինի, եթե Ռուսաստանի ներկայությունը նվազեցվի Հայաստանում: Մեր երկիրն ու Ռուսաստանը սերտաճած օրգանզիմներ են, խոսքը ոչ միայն ռազմաքաղաքական բաղադրիչի մասին է, այլեւ՝ տնտեսական: Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող ռեսուրսները՝ գազը, էներգակիրները կապված են Ռուսաստանի հետ:
Ի դեպ, մենք հիմա խոսում ենք մի երեւույթի մասին, որը պարբերաբար Հայաստանում լինում էր: Նույն այդ մտքերը կային Խորհրդային Միության փլուզման ժամանակ, երբ կարծիքներ էին հնչում, որ մենք չրերով, «Ջերմուկ»-ով, մոլիբդենով կապրենք՝ առանց որեւէ մեկի աջակցության: Ես չեմ կարծում, որ այն ժամանակվա իշխանությունն այնքան միամիտ էր, որ գնում էր այդ ուղղությամբ, եւ 1995-ին հենց Լեւոն Տեր-Պետրոսյանը ստորագրեց ռուսական ռազմաբազան Հայաստանում տեղակայելու մասին պայմանագիրը:
Այսինքն՝ մի բան է, թե ինչ են ասում հրապարակներում, սոցցանցերում, մեկ այլ բան, թե ինչ են անում իրական քաղաքականությամբ զբաղվող մարդիկ»,- եզրափակեց Վիգեն Հակոբյանը:
Հավելենք նաեւ, որ մեկնաբանելով Հայաստանի վարչապետի՝ ռուս խաղաղապահների վերաբերյալ հայտարարությունը, Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր, թե խաղաղապահների դուրսբերման վերաբերյալ դատողություններն անհասկանալի են, հատկապես, ներկայիս ծայրահեղ ծանր հումանիտար իրավիճակի ֆոնին:
2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ռուս խաղաղապահները Արցախում տեղակայվել են 5 տարի ժամկետով, որը, սակայն, կարող է երկարաձգվել եւս 5-ամյա ժամկետով, եթե կողմերից մեկը տվյալ ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի դրա չեղարկման մտադրության մասին: